Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո պահպանի քաղաքական մենաշնորհը, ապա ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում շատ արագ կզրոյացվի, կզրոյացվի ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ փաթեթը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Այդ դեպքում հունիսի 7-ին Ադրբեջանում և Թուրքիայում կարող է ազգային տոն հայտարարվել, քանի որ նրանք հայկական հարցը լուծելու լավ հնարավորություն կստանան»,- հավելել է նա։ Ըստ նրա գնահատականի՝ ընտրություններում պարտվելու դեպքում նրանց կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ։

Քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի աղմկահարույց հարցազրույցը, որը հրապարակվեց Փաշինյանի մոսկովյան այցի ժամանակ, ռուսաստանցի պաշտոնյաները պատրաստել էին մեկ կամ մեկուկես ամիս շարունակ, քանի որ արդեն գիտեին, թե ինչ է լինելու Փաշինյանի հետ հանդիպմանը։

Փորձագետը պարզաբանել է, որ այսօր կոմպլեմենտար քաղաքականություն վարելու հնարավորությունների պատուհանը փակվել է, և Ռուսաստանը հստակություն է ուզում։

«Փաշինյանի հետ փոխհարաբերությունների ֆոնին Ռուսաստանը ճշգրտում է իր հարաբերությունները նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի նույն փորձը՝ դեպի իրեն քաշել ռուսական շուկային կողմնորոշված հայ գործարարներին, Հայաստանը վերածում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասությունների թատերաբեմի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հավելել է Մաթևոսյանը։

Նա տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ Հայաստանի իշխանություններն ասում են, թե անթույլատրելի է սադրել Ադրբեջանին և Թուրքիային, բայց չգիտես ինչու նույն մոտեցումը չեն կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Փորձագետը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի փոխարինումը Թուրքիայով և Ադրբեջանով որպես անկախություն են ընկալում։

Ըստ նրա գնահատականի՝ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը պատահական չէր հանդիպել հայ գործարարների հետ. ուղերձն այն էր, որ վերջիններս Ռուսաստանի փոխարեն աշխատեն Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ։

«Մուստաֆաևն այցելեց Հայաստան, որպեսզի հանգստացնի տեղի գործարարներին՝ Ռուսաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական սահմանափակումների լույսի ներքո։ Այսինքն՝ իշխանությունները դրսից տղա բերեցին, որպեսզի հանգստացնեն Հայաստանի բիզնես հանրությանը։ Իրավիճակը, իհարկե, աբսուրդային է»,- ընդգծել է Մաթևոսյանը։

Ըստ նրա գնահատականի՝ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ վարում է այնպիսի քաղաքականություն, որը նման է Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը ՌԴ նկատմամբ, երբ նա Վրաստանի նախագահն էր։

«Անկախ այն կորուստներից, որոնք կկրեն Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի իշխանությունները պատրաստ են իրականացնել այդ քաղաքականությունը։ Ընդ որում, Հայաստանի ղեկավարները հասկանում են, որ իրենք անձամբ ապագա ունեն միայն այն դեպքում, եթե երկիրը մերձեցման գնա թյուրքական աշխարհի հետ»,- շեշտել է Մաթևոսյանը։

Քաղաքագետը նշել է, որ այս ժամանակահատվածում Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի անցկացումը վտանգներ է պարունակում Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ֆոնին։

«ԱՄՆ-ի փոփոխված դիրքորոշման ֆոնին պատերազմի գլխավոր հովանավորն ու շահառուն դարձել է ԵՄ-ն։ Ըստ էության, դու Հայաստանը, թեկուզ ժամանակավորապես, վերածում ես գլխավոր հակառուսական պլացդարմի։ Դու մերձենում ես մի բլոկի հետ, որը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»,- պարզաբանել է փորձագետը։

Նա հավելել է, որ երբ ուկրաինական զորքերը ներխուժեցին Կուրսկի տարածք, Ռուսաստանը օգնության համար չդիմեց Հայաստանին կամ ՀԱՊԿ այլ երկրներին։ «Բացի դրանից, Ռուսաստանը երբեք Հայաստանի վրա ճնշում չի գործադրել, որպեսզի նա նույնպես միանա ԵՄ դեմ պատժամիջոցներին։ Ավելին, Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա ԵՄ-ի հետ, քանի որ դա Բրյուսելի հետ շփվելու հարթակ է։ ԵՄ-ի դեպքում իրավիճակն այլ է. ԵՄ անդամները կամ դաշինքին անդամակցության թեկնածուները պետք է համաձայնեցնեն իրենց գործողությունները Բրյուսելի հետ, ներառյալ՝ համաժամանակեցնեն իրենց քաղաքականությունը Եվրոմիության հակառուսական քաղաքականության շրջանակում»,- նշել է Մաթևոսյանը։

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պատրաստվում է այցելել Գյումրի, որտեղ տեղակայված է ռուսական բազան։ «Ռուսաստանը ցանկանում էր գլխավոր հյուպատոսություն բացել Սյունիքում, բայց այն ավելի արագ բացեց Ֆրանսիան։ Դա աշխարհաքաղաքական ազդանշան է։ Վերջին ակորդը կարող է լինել այն, որ Հայաստանը մայիսի 5-ին կարող է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը հանձնել Ֆրանսիային»,- հայտարարել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, հնարավոր է, ձգտում են չեզոքացնել ռուսական գործոնը քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում, որպեսզի ինտեգրվեն թյուրքական աշխարհին։ «Հարցն այն է՝ իշխանությունները գնահատո՞ւմ են հնարավոր հետևանքները, թե՞ ոչ»,- եզրափակել է Մաթևոսյանը։