Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական անվտանգության համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Գերմանիայից 5000 ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին, հայտնում է The Guardian-ը։
Պիստորիուսն ասել է, որ ամերիկացի զինվորների ներկայությունը Եվրոպայում բխում էր «ինչպես մեր, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից»։
«Կանխատեսելի էր, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս կբերի Եվրոպայից, այդ թվում՝ Գերմանիայից։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնենք մեր անվտանգության համար», - ընդգծել է նա։
Պիստորիուսը նշել է, որ Գերմանիան գտնվում է «ճիշտ ուղու վրա»՝ քայլեր ձեռնարկելով երկրի պաշտպունակության ամրապնդման ուղղությամբ՝ մատնանշելով Բունդեսվերի զինված ուժերի ընդլայնումը, սպառազինության ավելի մասշտաբային ու արագ գնումները և ենթակառուցվածքների շինարարությունը։
Գերմանիան Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի տեղակայման ամենախոշոր վայրն է, որտեղ ծառայության մեջ են գտնվում շուրջ 35,000 զինծառայողներ, և այն ծառայում է որպես առանցքային ուսումնական կենտրոն։ Ուրբաթ օրը Պենտագոնը հայտարարել է, որ զորքերի դուրսբերումը նախատեսվում է ավարտել առաջիկա վեցից տասներկու ամիսների ընթացքում։
Այս հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև հրապարակային վեճի ֆոնին, երբ եվրոպական առաջնորդը հայտարարել էր, թե Իրանը «նվաստացնում է» ԱՄՆ-ին։



























