Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու սարքերի կողմից Ֆինլանդիայի օդային տարածքի խախտումն անթույլատրելի է, հաղորդում է Yle-ը։
Հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է մայիսի 3-ի առավոտյան երկու անօդաչու սարքերի կողմից Ֆինլանդիայի օդային տարածքի խախտման դեպքը։
«Ես նշել եմ, որ Ֆինլանդիան աջակցում է Ուկրաինային և հասկանում է նրա պաշտպանունակության անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, անթույլատրելի է, որ խախտվի Ֆինլանդիայի օդային տարածքը, և անօդաչու սարքերը մուտք գործեն մեր օդային տարածք», — հայտարարել է նա։
Օրպոն նաև ընդգծել է, որ Ֆինլանդիան ունի անօդաչու սարքերից օդային տարածքի մոնիթորինգի և պաշտպանության հնարավորություններ, և ապագայում այդ հնարավորությունները զգալիորեն կուժեղացվեն, սակայն նշել է, որ անօդաչու սարքերից լիարժեք պաշտպանություն գոյություն չունի։
«Այնուամենայնիվ, ֆինները կարող են գիշերները հանգիստ քնել», — հավելել է ֆիննական առաջնորդը։
Ֆինլանդիայի օդային տարածքի խախտումից բացի, անցած առավոտ ուկրաինական անօդաչու սարքը խախտել է նաև Էստոնիայի օդային տարածքը։ Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Ուկու Արոլդի խոսքով՝ դրոնը նախ մուտք է գործել Էստոնիայի տարածք, ապա արագ վերադարձել ռուսական կողմ։




























