Մոտ մեկ ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր հասարակությունը ընտրություն կկատարի իր ապագա ուղու վերաբերյալ։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Վստահ եմ, որ հայ ժողովուրդը վերստին իր հավատարմությունը կարտահայտի ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների հանդեպ։ Մենք ապրում ենք գնալով ավելի փխրուն և լարված միջազգային իրադրությունում։ Պատերազմները, ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, միջազգային իրավունքի անտեսումը, ապատեղեկատվությունը, օտարերկրյա միջամտությունն ու հիբրիդային սպառնալիքները փորձության են ենթարկում ժողովրդավարական հասարակությունների կայունությունը մեր տարածաշրջանում և դրանից դուրս։ Միևնույն ժամանակ, բազմակողմ համագործակցությունը գտնվում է ճնշման ներքո, ինչը դժվարացնում է այդ մարտահրավերներին համատեղ արձագանքը։ Նման պայմաններում ժողովրդավարությունը չպետք է դիտարկել որպես վերացական կամ իրականությունից կտրված մի բան։ Ընդհակառակը՝ հենց ժողովրդավարությունն է մեր հասարակությունն ավելի ուժեղ դարձնում։ Հայաստանում սա տեսական քննարկում չէ։ 2020 թվականի պատերազմից հետո մեր հասարակության մեջ բանավեճեր բռնկվեցին այն մասին, թե արդյոք ժողովրդավարությունը երկիրն ավելի խոցելի կդարձնի, թե ոչ, և արդյոք բացությունն ու բարեփոխումները չեն վնասի անվտանգությանը։ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով մեր քաղաքացիները կատարեցին գիտակցված և ինքնիշխան ընտրություն։ Դա հարմարավետ պայմաններում կատարված ընտրություն չէր։ Դա ճնշման ներքո կատարված ընտրություն էր, որը վկայում է մեր հասարակության մեջ ժողովրդավարական համոզմունքների ուժի մասին։ Մենք հասկացանք, որ ժողովրդավարությունը չի վերացնում ռիսկերը, բայց հնարավորություն է տալիս հասարակությանը դիմակայել ցնցումներին, խորհել և առաջ շարժվել՝ դառնալով ավելի ուժեղ։ Այս փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն ամրապնդում է հանրային վստահությունը։ Այն պետություններին օժտում է արտաքին ճնշումներին դիմակայելու, ապակայունացնող փորձերին դիմադրելու և ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմներով», — նշել է Աբիսողոմոնյանը։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը 2001 թվականին անդամակցել է Եվրոպայի խորհրդին, նա կատարել է հստակ քաղաքակրթական և քաղաքական ընտրություն, որով իր հավանությունն է տվել ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանը։




























