Այն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որոնք ունակ են լսել մարդկանց, հասնում են հաջողության, և դա մեկ ամիս անց կապացուցվի Հայաստանում։ Այս մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ այն թեզը, թե ժողովրդավարությունը պատերազմ է ծնում, սխալ դուրս եկավ։ Խանդանյանը վստահեցրել է, որ դրա լավագույն օրինակը հայկական ժողովրդավարությունն է, որը, նրա գնահատմամբ, հիմնված է մարդկանց հետ լավ հաղորդակցության վրա։
Պատգամավորը նշել է, որ երբեմն քաղաքական գործիչները չեն կարողանում քաղաքացիներին վերաբերվել որպես ընտրողների, մինչդեռ հենց վերջիններն են քաղաքական գործիչների լեգիտիմության աղբյուրը։ «Ուստի պետք է գնալ մարդկանց մոտ և խոսել նրանց հետ։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր երիտասարդներն ավելի ու ավելի են հեռանում քաղաքականությունից և որոշումների կայացման գործընթացից, հետևաբար շատ կարևոր է երիտասարդությանը ներգրավել այդ ամենում։ Ես՝ որպես երիտասարդ քաղաքական գործիչ, մեղադրում եմ նախորդ սերնդի քաղաքական գործիչներին այն բանի համար, որ նրանք հակամարտությունն ու խնդիրները թողեցին մեր ուսերին, և հիմա մենք իրավունք չունենք նույն կերպ վարվելու», - հավելել է նա։ Պատգամավորը նաև մատնանշել է այս գործում թափանցիկության ապահովման և խորհրդարանի դերի բարձրացման կարևորությունը։





























