Ամերիկյան Էդմոնդ քաղաքում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Վիրավորվել է 22 անձ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ չորեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա մի երիտասարդի, ով կասկածվում է անցած հանգստյան օրերին Օկլահոմայի լճափնյա երեկույթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության մեջ։ Միջադեպի հետևանքով մեկ կին է սպանվել։
Մասնավորեցվում է, որ իրավապահ մարմինները տղամարդուն ձերբակալել են զենքի կիրառմամբ հարձակման մեղադրանքով։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժածների թվում կան նաև անչափահասներ։
Ինչպես նշել է Էդմոնդի ոստիկանապետ Ջեյ Դի Յանգերը, կրակ են բացել մի քանի հոգի. ընդհանուր առմամբ դեպքի վայրում արձակվել է ավելի քան 80 կրակոց։ Մասնագետների պարզաբանմամբ՝ կոնֆլիկտը սկսվել է երեկույթի ժամանակ երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչից հետո այն վերածվել է հակադիր բանդաների անդամների միջև զանգվածային կռվի։





























