Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիան Պրահայում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր մայրը վտանգի մեջ է, եւ ինքը լուրջ անհանգստանում է ուժասպառ Յուլիայի կյանքի համար:
«Ժամանակն անցնում է: Չգիտեմ, թե ինչքան երկար մայրս կարող է հացադուլ անել, դա կլինի 5 կամ 10 օր: Նա իսկապես շատ վատ է, նա մշտապես պառկած է, չի կարողանում շատ շարժվել, բացի դրանից, թուլացած է հացադուլի հետեւանքով», - հայտնել է Եվգենիան:
Նա շնորհակալություն է հայտնել եվրոպական առաջնորդներին աջակցության համար, այդ թվում Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին, որը մայիսին կայանալիք Ուկրաինա այցից հրաժարվել է` ի նշան Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ վերաբերմունքի դեմ բողոքի, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Խարկովի գաղութում իր պատիժը կրող Յուլիա Տիմոշենկոն հայտարարել էր, որ գաղութից հիվանդանոց տեղափոխելիս իր նկատմամբ բռնություն էր կիրառվել` նրան սավանով քարշ էին տվել, ինչպես նաեւ խփել որովայնին: Նախկին վարչապետը հացադուլ է հայտարարել ի նշան բանտում դաժան վերաբերմունքի դեմ բողոքի:
Ավելի ուշ համացանցում Տիմոշենկոյի մարմնին կապտուկները ցուցադրող լուսանկարներ էին հայտնվել, իսկ դատաբժիշկները հանգել էին այն եզրակացությանը, որ Տիմոշենկոյի մարմնի կապտուկները չէին կարող գոյանալ ապրիլի 20-ին, ինչպես նա է պնդում:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդ կապտուկների մեխանիզմը եւ տեղերը ցույց են տալիս, որ նրանք գոյացել են բութ առարկաներին բախվելու հետեւանքով: Սակայն ոչ մի կերպ չէին կարող առաջանալ բռունցքով որովայնին հարվածելու դեպքում, ինչպես պնդում է նա: Եւ կարող էին գոյանալ նաեւ ֆիզիկական թթեւ բռնություն գործադրելիս:



























