Լիբիայի նախկին վարչապետ Շուքրի Հանեմի մարմինը Ավստրիայից ուղարկվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Այս մասին հաղորդել է մահացածի զարմիկ Լոայի Հանեմը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ դագաղը, որի վրա գրված է Լիբիայի նախկին վարչապետի անունը, արդեն հասել է Տրիպոլի, սակայն ավստրիական իշխանությունները դեռ դա չեն հաստատում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին 69-ամյա Շուքրի Հանեմի դիակը գտել են Վիեննայի մոտ, Դանուբ գետում: Հանեմը, ով ընկերություններից մեկում խորհրդատու էր աշխատում, առավոտյան իր ամենօրյա հագուստով դուրս է եկել տնից եւ անհետացել:

Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հանեմի մահվան հանգամանքները դեռեւս հանելուկ են մնում: Ոստիկանությունը քննում է ինչպես սպանության, այնպես էլ` ինքնասպանության վարկածները: