Շվեյցարիան իր ծառայություններն է առաջարկել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշեմկոյին բուժելու եւ կոնֆլիկտը կարգավորելու հարցում որպես միջնորդ հանդես գալու համար: Առաջարկությունը հնչեցրել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դիդյե Բուրկհալտերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Բեռնը արդեն Տիմոշենկոյի հարցով շփման մեջ է Կիեւի հետ:
Դաշնային դեպարտամենտի ղեկավարը մեկնաբանել է նաեւ որոշ եվրոպացի գործիչների կողմից Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առջանությունը բոյկոտելու կոչերը: «Չեմ կարծում, որ բոյկոտի սպառնալիքները կօգնեն այդ իրավիճակում», ասել է նա` ավելացնելով, որ իր երկրի ներկայացուցիչը ներկա կլինի Եվրո-2012-ին, ինչպես եւ ծրագրված էր:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ապրիլի 20 –ին հացադուլ էր հայտարարել` այդ կերպ բողոք հայտնելով իր նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման առնչությամբ:
Մոսկվան ու Բեռլինը պատրաստակամություն էին հայտնել Տիմոշենկոյին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել:
Միաժամանակ Կիեւն ընդգծել էր, որ արտերկրում դատապարտյալի բուժում ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ:




























