Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ստացել է ընտրախատումների վերաբերյալ 58 հաղորդումներ, որոնցից 25-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ներում զետեղված հաղորդումներից: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այսօր՝ մայիսի 6-ին լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, հավելելով, որ աշխատանքային խմբրի հիմնական գործառույցն է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների գրանցման, հաշվառման, դրանցով հարուցված քրական գործերի նախաքննության նկատմամբ հսկողության իրականացումը:

58 հաղորդումները իրավական առումով բաժանվել է երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկված են այն հաղորդումները, որոնց մեջ կան քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն հանցակազմի հատկանիշներ կամ տեղեկություններ, որոնց ստուգման արդյունքում կարող էին այդպիսի հատկանիշներ հայտնաբերվել: Երկրորդ խմբում այն հաղորդումներն են, որոնց մեջ այնպիսի խախտումներ են, որոնք համարվում են վարչական իրավախախտում կամ ընտրական օրենսգրքով նախատեսված որոշակի պրոցեդուրայով ընտրախախտումներ:

Առաջին խմբի 23 հաղորդումներ վերաբերում են բովանդակային առումով ընտրողի կամքի ազատ իրականացման խոչընդոտելուն: Օպերատիվ կերպով հաղորդումներն ուղարկվել են համապատասխան նախաքննությունն իրականացնող մարմիններին ստուգելու: Երեք հաղորդման դեպքում որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը: Մնացած հաղորդումների քննարկումը դեռեւս ընթացքի մեջ է:

19 հաղորդումներ վերաբերում են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերին: Երեքի դեպքում ստուգման աշխատանքներն արդեն ավարտվել են, որոշում է կայացվել, քրեական գործի հարուցումը մերժվել է, մնացած 15 հաղորդումներով շարունակվում է նյութերի նախապատրաստումը, մեկ գործով հարուցվել է քրեական գործ:

Երկրորդ խմբի մեջ մտնող վարչական իրավախախտման վերաբերյալ 13 հաղորդում է ստացվել:

2007 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ, Ա. Դավթյանն ասաց, որ քանակական առումով որոշակի աճ կա, ինչը բացատրվում է համապատասխան իրազեկման աշխատանքների արդյունավետությամբ, իսկ որակական առումով տարբերություն կա: Նրա խոսքով, եթե նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացված հաղորդումների փաստերով 8 քրեական գործ էր հարուցվել, ապա այս ընտրությունների դեպքում նախորդ օրվա դրությամբ հարուցված է 1 քրեական գործ: