Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը հայտարարել է, որ Սպիտակ արծվի շքանշանը, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղարկել էր «Новая почта»-ով, ստացել է Նախագահի գրասենյակը։ Դրա մասին նա հայտնել է Polsat News-ին տված հարցազրույցում։
Լեսկևիչը նշել է, որ պարգևը կփոխանցվի Պարգևների և նշանակումների վարչություն՝ պահպանության համար։ Նա ընդգծել է, որ շքանշանը կմնա պաշտոնական արխիվներում, քանի որ այն Լեհաստանի բարձրագույն պետական պարգևն է, իսկ համապատասխան վկայականն արդեն կորցրել է ուժը։
«Այսօր մենք այն ստացել ենք Նախագահի գրասենյակում»,- ասել է նա՝ հավելելով, որ շքանշանը կպահվի «արժանապատվորեն ու հարգանքով» և այլևս որևէ մեկին չի շնորհվի։
Մեկնաբանելով Լեհաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հնարավոր սրումը՝ Լեսկևիչը հայտարարել է, որ լարվածություն չի ակնկալվում։ Նա միաժամանակ հիշեցրել է նախագահ Կարոլ Նավրոցկու դիրքորոշումը, ըստ որի՝ պարգևից զրկելն ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, իսկ Ռուսաստանը մնում է Ուկրաինայի և Եվրոպայի ընդհանուր թշնամին։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վլադիմիր Զելենսկուն զրկել էր Սպիտակ արծվի շքանշանից՝ այդ որոշումը կապելով պատմական հիշողության հարցերի և Ուկրաինայի ապստամբական բանակի ստորաբաժանման (УПА) պատվին անվանվելու հետ։ Ի պատասխան՝ մի շարք ուկրաինացի պաշտոնյաներ հայտարարել էին լեհական պարգևները վերադարձնելու մտադրության մասին, իսկ Զելենսկին հայտնել էր, որ շքանշանը փոստով հետ է ուղարկել։





























