Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով երեկ հայտարարել է, որ չի մասնակցելու ընդդիմության կազմակերպած «միլիոնների երթին», այսօր պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել մասնակցությունից. նա գիտեր, որ լարվածություն է լինելու:

«Ես չէի կանխագուշակում, ես ԳԻՏԵԻ, որ լինելու է լարվածություն»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Քսենյա Սոբչակը դատապարտել է իրավապահների գործողությունները, նշելով. «Այո, նրանք (ակցիայի մասնակիցները) նստել են ասֆալտին, որ սրեն վիճակը, բայց ինչո՞ւ ՕՄՕՆ-ականներն այդպես վարվեցին: Ինչո՞ւ սկսեցին դաժանաբար ցրել ցույցը:

Քաղաքացիների իրավունքն է նստել ասֆալտին: Ես անձամբ կողմ եմ, որ չսրեն իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է մահակներով հարվածել»,-գրել է Սոբչակը:

Նա LiveJournal-ում գրել է. «Երեկ ես ինձ համար ոչ հեշտ որոշում եմ կայացրել. առաջին անգամ դեկտեմբերի 24-ից ի վեր չմասնակցել հանրահավաքի: Անկեղծ կասեմ, որ այդ որոշումը կայացրեցի, քանի որ նախօրոք գիտեի, որ հիմնական նպատակը լինելու է կամրջին կանգնելը, ոստիկանական շղթան կտրելը եւ նստացույցը»:

Այնուհետեւ Սոբչակը գրել է, որ ինքը խաղաղ ընդդիմադիր է եւ հավելել. «Ես չեմ ցանկանում քաղաքացիական պատերազմ, ես չեմ ուզում արյուն, չեմ ուզում, որ այն «վրդովված քաղաքացիներին», ««կրեատիվ միջին դասին», որին ես ինձ դասում եմ, ուլտրաաջ քաղաքականությամբ դուրս մղեն երկրից»:

Իր ուղերձի վերջում Քսենյա Սոբչակը կոչ է արել արմատականացման աճից խուսափելու համար երկրում անհապաղ բարեփոխումներ սկսել:

Հիշեցնենք, որ Մոսկվայում մայիսի 6-ին, ընդդիմադիրների կազմակերպած «միլիոնների երթն» ավարտվել է ոստիկանության հետ բախումներով եւ բազմաթիվ ձերբակալություններով: