ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի մի շարք հաճոյախոսություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն մասամբ համամիտ չի եղել եվրոպական դաշնակիցների հասցեին նրա հնչեցրած քննադատության հետ, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Թրամփը հայտարարել է, որ նախկինում փորձել է երկկողմ համաձայնագրեր կնքել պաշտպանական ծախսերի վերաբերյալ և «հուսախաբություն» է հայտնել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների, դրանց թվում՝ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի նկատմամբ. վերջինիս նա անվանել է «սարսափ»։ Այս տարվա սկզբին Իրանի հետ պատերազմի ֆոնին Թրամփն ուժեղացրել էր դաշինքի քննադատությունը։
Ի պատասխան՝ Ռյուտեն ընդունել է, որ իրավիճակը «խառն է», սակայն ընդգծել է, որ առանց Եվրոպայի ԱՄՆ-ի համար ծայրահեղ դժվար կլիներ գործել Իրանի հետ հակամարտության շրջանակում, քանի որ եվրոպական երկրները հանդես են եկել որպես «ուժի տարածման հարթակ»։
«Ես գիտեմ, որ եղել են առանձին դեպքեր, որոնք ձեզ իսկապես հուսախաբ են արել, սակայն ընդհանուր առմամբ ձեր եվրոպական դաշնակիցները ձեզ հետ են եղել»,- Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Ռյուտեն նշել է նաև, որ մինչ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատումը, եվրոպական բազաներից օդ են բարձրացել 4-5 հազար ամերիկյան ինքնաթիռներ։
Թրամփն իր հերթին կրկին քննադատել է ՆԱՏՕ-ն և Ռյուտեին ներկայացնելու ընթացքում հայտարարել. «Նրանք մեր վերջին փոքրիկ ռազմական բախման ժամանակ այնքան էլ բարյացակամ չէին մեր հանդեպ»։





























