«Մեր ու ադրբեջանցիների մեջ ոչ մի կոնֆլիկտ չկա: Մենք ուրիշի հողի վրա ապրող մարդիկ ենք: Ոչ մենք իրավունք ունենք իրենց նեղացնելու, ոչ էլ իրենք: Մեր երեխեքը իրանց լեզվով են խոսում, իրանց երեխեքը մեր լեզվով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Խոժոռնի գյուղի բնակիչ Միշա Սիմոնյանը: Վրաստանի Քվեմո Քարթլի տարածաշրջանում գտնվող այս գյուղը հիմնականում բնակեցված է հայերով եւ ադրբեջանցիներով: Գյուղում ընդամենը մեկ դպրոցը կա, որն ունի հայկական եւ ադրբեջանական բաժիններ: 143 աշակերտ է սովորում դպրոցում` 127 հայ եւ 15 ադրբեջանցի: Ազգային փոքրամասնություններով բնակեցված Վրաստանի այլ բնակավայրերի նման, Խոժոռնիում եւս կրթական խնդիրներ կան:

Դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ Լեւոն Ղարիբյանն ասաց, որ հայկական եւ ադրբեջանական բաժիններում մասնագետների խնդիր կա. «Ընդամենը մեկ մաթեմատիկոս է եւ մեկ պատմաբան: Կադրերի բացակայության պատճառով քիմիայի ուսուցիչը կենսաբանություն է դասավանդում: Ութ համակարգիչ ենք ստացել, սակայն ինտերնետին միացրած չեն, որովհետեւ համապատասխան կադրեր չկան: Մեր աշակերտները չեն կարողանում ընդունվել վրացական բուհեր, քանի որ լեզվական խնդիրներ կան»:

Պատմության ուսուցչի խոսքով, Վրաստանի կառավարությունը թույլ չի տալիս դպրոցում դասավանդել հայոց կամ ադրբեջանական պատմություն, թեեւ մի քանի տարի առաջ միայն մեկ տարով թույլատրեցին 9-րդ դասարանում պատմության ժամ մտցնել: Դպրոցում հիմնականում անցնում են Հայաստանից կամ Ադրբեջանից հումանիտար օգնություն ստացած գրքերով: Խոժոռնիի դպրոցում սովորելու են գալիս նաեւ հարեւան Գյուլբաղ եւ Բրդաձոր հայկական գյուղերի երեխաները: Հայաստանի հետ սահմանին գտնվող այս գյուղը շատ այլ խնդիրներ էլ ունի: Գյուղ տանող ճանապարհները շատ վատ վիճակում են, ոռոգման ջուր չկա:

«Աշխատանք բացարձակ չկա»,-ասում է Միշա Սիմոնյանը, իսկ գյուղապետ Մանվել Ղարիբյանը հավելում, որ հենց այդ պատճառով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Մեծ է գյուղից արտագաղթող երիտասարդ հայերի եւ ադրբեջանցիների թիվը: «Եթե կարողանում են դրսում մնալ, ոչ մեկը չի ուզում եւ հետ չի վերադառնում»,-նշում է գյուղապետը: Սակայն տարեցները չեն պատրաստվում արտագաղթել. «Թողնենք, ո՞ւր գնանք: Ինչի՞ թողնեմ իմ պապերի հողը, գերեզմանները»,- ասում է Միշա Սիմոնյանը: Գյուղում բնակվող ադրբեջանցիների հետ, գյուղապետի խոսքով, բախումներ չեն լինում եւ կոնֆլիկտներ առաջացնող թեմաների մասին աշխատում են չխոսել։ «Եթե դժվարություն է լինում, միասին ենք հաղթահարում, հարսանիք է լինում՝ միասին ենք անում, որ խնդիրներ չլինեն», ասում է գյուղապետը: Թեեւ միջէթնիկական ամուսնություններ չեն լինում, երբեմն պատահում է, որ սիրահարվում են, բայց գործը ամուսնության չի հասնում:

Խոժոռնիում մզկիթ չկա, սակայն կա 11-րդ դարում կառուցված եկեղեցի, հայկական եւ ադրբեջանական գերեզմանոցներ: Անցած տարի Վրաստանի կառավարությունը 7500 լարի էր տրամադրել գյուղին, որպեսզի պարսպապատեն հայկական գերեզմանատունը: Այս տարի կրկնակի ավել գումար է տրամադրվելու` ադրբեջանցիների գերեզմանոցը պարսպապատելու համար:

Խոժոռնիի գյուղապետ Մանվել Ղարիբյանի հավաստմամբ, Վրաստանի իշխանությունները տարբերություն չեն դնում ադրբեջանական, վրացական եւ հայկական գյուղերի միջեւ:

Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, նրանք կազմում եմ տեղի բնակչության 86 տոկոսը: Խոժոռնին Մառնեուլի այն փոքրաթիվ գյուղերից է, որը մեծամասամբ բնակեցված է հայերով, թեեւ այս գյուղում կան նաեւ հույներ, եւ շատանում է ադրբեջանական տարրը: Ընդհանուր առմամբ՝ Մառնեուլն ունի 75 գյուղ, որոնցից միայն 9-ն է բացառապես հայկական` Ախկյորփին, Չանախչին, Գյուլուբաղը, Խոխմելը, Դամիան, Բրդաձորը, Կարմիրգյուղը, Շահումյանը, Ղուդրին: