2013 թվականի նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության  թեկնածուն կլինի Վարդան Օսկանյանը, եթե «Բարգավաճ Հայաստանը»  կոալիցիա չկազմի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին այսօր` մայիսի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանը նաեւ  կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների համարյա բոլոր մասնակից քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի», որը հայտարարել էր, որ  նախագահական ընտրություններին կաջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նախագահական նախընտրական քարոզարշավ էին ծավալել:  «Դա բացատրվում է նրանով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է նրա առաջնորդ եւ Հայաստանի գործող նախագահ  Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցությունը` նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստանը»` նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Եթե «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կազմի  ՀՀԿ-ի հետ, ապա կաջակցի Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին: Եթե ոչ, ապա 2013 թվականի ընտրություններին նրա թեկնածու կդառնա Վարդան Օսկանյանը, այլ ոչ թե Գագիկ Ծառուկյանը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է միավորում Գագիկ Ծառուկյանին եւ Վարդան Օսկանյանին, քաղաքական տեխնոլոգը նշել է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա թվում էր, որ նրա թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: «Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերջին հանրահավաքին ավելի շուտ կարապի երգ էր, հետեւաբար, ես չգիտեմ, ՀԱԿ-ը նախագահի  թեկնածու կառաջադրի, թե` ոչ, եւ եթե այո` ում կառաջադրի»:

Քաղաքական տեխնոլոգի կարծիքով, եթե ՀԱԿ-ը խորհրդարանականին նման նախագահական քարոզարշավ է անցկացնելու, ավելի լավ է թեկնածու չառաջադրի.  «Վերջին ամսում ՀԱԿ-ում  իսկապես երկու մարդ էին աշխատում` Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը: Մնացածները պարզապես հոգնել են, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեք, թե նրանք ինչպես էին աշխատում 2008թ. եւ հիմա. կարծում եմ, տարբերությունը բոլորի համար ակնհայտ է:

Միակ մարդը, որը վերջին ժամանակներս նույն խանդավառությամբ  եւ նույն էներգիայով աշխատում էր, Նիկոլ Փաշինյանն էր: Ես բազմիցս նշել եմ, որ ՀԱԿ-ի լավագույն PR քայլը Նիկոլ Փաշինյանի «30 վայրկյանն էր», որը Կոնգրեսում ոչ ոք չաջակցեց եւ չշրջանառեց որպես հիմնական թեզիս»:

Քոչարյանը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ում վաղուց էր խնդիր ծագել` նախորդ տարվա մարտի 17-ից, երբ պարզ դարձավ, որ նրանք երկխոսություն կսկսեն իշխանությունների հետ. «Վստահ եմ, որ կոնգրեսի ինչ-որ հատվածը դեմ էր այդ երկխոսությանը: Ինչից հետո, նահանջելով իշխանական մի թեւի հետ երկխոսությունից, ՀԱԿ-ը նախընտրական շրջանում երկխոսության գնաց իշխանության մեկ այլ թեւի հետ`ի դեմս  «Բարգավաճ Հայաստանի»: Բնական է, դա պետք է հանգեցներ խնդրի, քանի որ ՀԱԿ-ը 18 քաղաքական կուսակցությունների միություն է:

Հարցին, թե կարող է արդյոք ՀԱԿ-ը իր համար նոր վերելք ապահովել, քաղաքական տեխնոլոգը նշեց, որ դա նրան չի հաջողվի, այլ ձեւաչափ է անհրաժեշտ: Արմատական ընդդիմության անհրաժեշտություն միեւնույն է կլինի, եւ արմատական ընդդիմության դաշտը ինչ-որ մեկը կգրավի, բայց ոչ ՀԱԿ-ը. «Հնարավոր է, 1-2 մարդ առանձնանան ՀԱԿ-ից եւ սեփական կառույց ստեղծեն, բայց Կոնգրեսն այդպիսին չի լինի»: