1952 թվականի հուլիսին Արգենտինայի հայտնի առաջին տիկնոջ մահվանից ընդամենը մի քանի ժամ անց դոկտոր Պեդրո Արան ձեռնամուխ է եղել նրա մարմնի զմռսմանը։
Ծրագիրը հավակնոտ էր. էվիտայի (ինչպես նրան սիրով անվանում էր ժողովուրդը) աճյունը պահպանել նորագույն տեխնոլոգիաներով՝ պարաֆինի և գլիցերինի կիրառմամբ, ճիշտ այնպես, ինչպես խորհրդային մասնագետները զմռսել էին Լենինին ու Ստալինին։ Էվայի մարմինը տեղադրեցին Աշխատանքի նախարարության շենքում, որտեղ նախատեսվում էր կառուցել Աշխատավորների հուշահամալիր, իսկ հիմքում պետք է լիներ նրա բյուրեղապակյա դամբարանը։
Սակայն 1955 թվականի սեպտեմբերին նրա ամուսինը՝ նախագահ Խուան Պերոնը, տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում և փախել երկրից։ Նոր ռազմական ռեժիմը որոշել է «առևանգել» Էվիտայի մարմինը՝ սկիզբ դնելով 16-ամյա մի մռայլ ոդիսականի, որն ընդգրկել է մի քանի երկրներ ու աշխարհամասեր, հայտնում է BBC-ն։
Խորհրդանիշ, որը փորձում էին ոչնչացնել
Կյանքի ընթացքում աղքատ գավառական ընտանիքից ելած նախկին դերասանուհին դարձել էր արգենտինական բանվոր դասակարգի իսկական հոգևոր առաջնորդը։ Գեներալ Պեդրո Արանբուրուի խունտայի համար, որը փորձում էր արմատախիլ անել պերոնիզմը, Էվիտայի զմռսված մարմինը մահացու սպառնալիք էր ներկայացնում, քանի որ այն կարող էր դիմադրության հզորագույն խորհրդանիշ դառնալ։
Բանակային հետախուզության ղեկավար, փոխգնդապետ Կարլոս Մուրի Կենիգը, վախենալով Պերոնի կողմնակիցների հարձակումից, դագաղը պարբերաբար թաքցնում էր Բուենոս Այրեսի տարբեր անկյուններում։ Մարմինը պահում էին մայրաքաղաքի փողոցներում կանգնած ֆուրգոնում, կինոթատրոնի էկրանի հետևում և նույնիսկ քաղաքային ջրմուղի շենքում։ Սակայն որտեղ էլ հայտնվում էր դագաղը, կողքին անմիջապես հայտնվում էին թարմ ծաղիկներ ու վառվող մոմեր։
Ժամանակի ընթացքում Կենիգը դագաղը տեղափոխեց իր աշխատասենյակ և դրեց ուղղահայաց դիրքով։ Ծառայակիցների հուշերով՝ սպան բառացիորեն ցնորվել էր և մոլուցքով համակվել առաջին տիկնոջ աճյունով։ 1957 թվականին նրան հեռացրին ծառայությունից, իսկ հետքերը ոչնչացնելու առաջադրանքը հանձնարարեցին գնդապետ Էկտոր Կաբանիլյասին։
Միլանի գաղտնիքներն ու Մադրիդ վերադարձը
Էվա Պերոնի մարմինը գաղտնի տեղափոխեցին Իտալիա և հողին հանձնեցին Միլանի գերեզմանատանը՝ Մարիա Մաջի դե Մաջիստրիս կեղծ անվամբ։
Չնայած այս ամենի գաղտնիությանը՝ Արգենտինայում չէին մոռացել իրենց սիրելիին․ Բուենոս Այրեսի շենքերի պատերին պարբերաբար հայտնվում էին «Որտե՞ղ է Էվա Պերոնի մարմինը» գրությունները, իսկ աճյունը վերադարձնելու պահանջը դարձել էր ընդդիմության գլխավոր կարգախոսը։
1971 թվականին, փորձելով մեղմել քաղաքական լարվածությունը ժողովրդավարությանը վերադառնալուց առաջ, ռազմական իշխանությունները համաձայնեցին աճյունը հանձնել Խուան Պերոնին։ Ցինկապատ դամբարանը հասցրեցին Մադրիդի արվարձանում գտնվող նախկին նախագահի առանձնատուն, որտեղ նա ապրում էր աքսորի մեջ իր երրորդ կնոջ՝ Իսաբելի հետ։
Մադրիդյան այս շրջանի շուրջ բազմաթիվ առասպելներ էին հյուսվում։ Դրանցից մեկի համաձայն՝ աղմկահարույց նախարար և օկուլտիստ Խոսե Լոպես Ռեգան Իսաբելին ստիպում էր պառկել Էվիտայի բաց դագաղի կողքին, որպեսզի առաջին տիկնոջ «քաղաքական հմայքն ու կախարդանքը» փոխանցվեին Պերոնի նոր կնոջը։
Վերջին հանգրվանը․ 5 մետր խորության վրա գտնվող բունկեր
1973 թվականին Խուան Պերոնը վերադարձավ Արգենտինա և կրկին ստանձնեց երկրի ղեկավարումը, սակայն Էվիտայի մարմինը դեռևս Իսպանիայում էր։ Միայն 1974 թվականին՝ Պերոնի հանկարծահաս մահից հետո, առաջին տիկնոջ աճյունն ի վերջո տեղափոխվեց Բուենոս Այրես։
Վերականգնող-նկարիչ Դոմինգո Տելեչեան, ում հանձնարարված էր բազմամյա թափառումներից հետո կարգի բերել մարմինը, հիշում է, որ աշխատանքը մահացու վտանգավոր էր․ նա մշտապես սպառնալիքներ էր ստանում ծայրահեղ աջակողմյան «մահվան էսկադրոններից», որոնք չէին ցանկանում Էվիտայի պաշտամունքի վերածնունդը։ Հետագայում վարպետն ստիպված եղավ նույնիսկ փախչել երկրից։
Վերջնական հուղարկավորությունը տեղի ունեցավ միայն 1976 թվականի հոկտեմբերին՝ Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը։
Որպեսզի երաշխավորեին, որ աճյունն այլևս երբեք չի պղծվի կամ տեղաշարժվի․
Դուարտե ընտանիքի դամբարանը վերածվեց իսկական ստորգետնյա բունկերի։
Մարմարե հատակի մեջ պատրաստվեց գաղտնի դուռ, որը տանում էր դեպի առաջին ստորգետնյա սենյակ։
Այնտեղից երկրորդ դուռը տանում էր ավելի ցած՝ մի տարածք, որտեղ գետնից 5 մետր խորության վրա տեղադրված էր դագաղը։
Էվա Պերոնի մահվանից նույնիսկ քառորդ դար անց նրա կերպարի ու խորհրդանիշի ազդեցությունն այնքան հզոր էր, որ իշխանություններից պահանջվեց նրա մարմինը թաքցնել երկաթբետոնե մի քանի շերտերի տակ։





























