Մեծ Բրիտանիան և Գերմանիան ռազմական համագործակցության «ոսկե դարաշրջան» են թևակոխում. երկրները համատեղ հեռահար հրթիռ են ստեղծում՝ Եվրոպան Ռուսաստանից պաշտպանելու համար, գրում է Telegraph-ը։
«Ակնարկելով եվրոպական առաջնորդության ավանդական «ֆրանս-գերմանական շարժիչից» հնարավոր շեղման մասին՝ Բեռլինն ու Լոնդոնը ծրագրում են մինչև 2034 թվականը սպառազինության հանձնել գերճշգրիտ հեռահար հարվածային հրթիռ (DPS — Deep Precision Strike)։ Զենքը նախատեսված է Ռուսաստանի տարածքում թիկունքային մատակարարման ուղիները ոչնչացնելու համար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանական ռազմավարությանը տեղյակ աղբյուրները նշում են, որ Լոնդոնը մի կողմ է դրել Սառը պատերազմի տարիներից եկող այն կարծրատիպը, թե Գերմանիան պասիվ դերակատար է, և այժմ Բեռլինին դիտարկում է որպես Մոսկվային հակազդելու առանցքային օղակ։
Երկու կողմերն էլ ընդհանուր լեզու են գտել համագործակցության պրագմատիկ մոտեցման շնորհիվ։ Գերմանացիների համար սա հաճելի հակապատկեր էր Ֆրանսիայի հետ հարաբերությունները մթագնող մշտական վեճերի ու հավակնությունների բախման համեմատ։ Բացի այդ, կողմերը գրեթե փակել են Բրեքսիթի շրջանի տարաձայնությունների էջը։
Նոր գործընկերության հիմքում ընկած են երկկողմ երկու համաձայնագրերը՝ «Թրինիթի Հաուսն» ու Քենսինգթոնյան պայմանագիրը։ Դրանք ճանապարհ են հարթում մի շարք համատեղ նախագծերի համար, որոնցում առաջնորդող դեր ունի գերմանական պաշտպանական-արդյունաբերական համալիրը․
Ծովային անօդաչուներ․ ինքնավար ապարատների նավատորմ՝ բրիտանական ջրերը ռուսական դիվերսիոն գործողություններից պաշտպանելու համար (արտադրվելու են գերմանական «Helsing» ընկերության կողմից՝ Փլիմութում)։
Փողերի հատուկ արտադրություն․ «Rheinmetall»-ի՝ Թելֆորդում գտնվող գործարանի «Gun Hall» համալիրը (400 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ), որը թողարկելու է հրետանային համակարգեր և «Challenger 3» տանկերի հրանոթներ։
Զրահատեխնիկա․ «Boxer» զրահափոխադրիչների նոր մոդելների արտադրություն է իրականացնելու Բրիտանական բանակի համար։
Հրաձգային զենք․ գերմանական «Heckler & Koch» համերկրային համալիրի (կոնցեռնի) կողմից Էսեքսում գտնվող ձեռնարկության ձեռքբերում է, որն օգտագործվելու է զենքի բաղադրիչների արտադրությունն ընդլայնելու նպատակով։
DPS ծրագիրը․ «Թագի ամենաթանկարժեք քարը»
Այնուամենայնիվ, համատեղ ամենախոշոր նախագիծը DPS հրթիռի ստեղծման ծրագիրն է, որն ունակ է ռազմավարական թիրախներ խոցել ավելի քան 2000 կմ հեռավորության վրա։
30 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ այս ծրագրի մասին հայտարարվել է 2026 թվականի հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Այն բրիտանական նախագիծ է, որին մասնակցում են դաշնակից 12 երկրները։ Ակնկալվում է, որ Գերմանիան այստեղ առանցքային դերակատարում կունենա՝ միավորելով գերմանական ֆինանսավորումն ու բրիտանական տեխնիկական մշակումները։
ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ և հիասթափություն Ֆրանսիայից
DPS նախագիծը դիտարկվում է որպես այն բանի խորհրդանիշ, որ Եվրոպան աստիճանաբար նվազեցնում է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից իր կախվածությունը։ Սա տեղի է ունենում Վաշինգտոնի և Բրյուսելի միջև լարվածության աճի ֆոնին․ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եվրոպական երկրները ինքնախաբեությամբ են զբաղվում, եթե կարծում են, թե կարող են ռազմաարդյունաբերության ոլորտում շրջանցել ԱՄՆ-ին։
Միևնույն ժամանակ, գերմանա-բրիտանական այս դաշինքը այլընտրանք է դարձել ապագայի կործանիչի ստեղծման ֆրանս-գերմանական ձախողված նախագծին (FCAS): Վերջինս, ըստ էության, փլուզվել է ներքին տարաձայնությունների, ամբիցիաների բախման և տեխնոլոգիաներով կիսվելու կողմերի անհոժարակամության պատճառով։





























