Բնապահպան ակտիվիստ Միքայել Նազարյանին, այսօր` մայիսի 14-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչություն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում փուչիկների պայթեցման փաստով հարուցված քրգործի շրջանակներում` վկայի կարգավիճակով:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող 19-ամյա Միքայել Նազարյանին մոտ երեք ժամ հարցաքննել են, ապա ազատ են արձակել:
Նրան կեսօրին բերման են ենթարկել հենց լեզվաբանական համալսարանի մոտից` առանց ծանուցագիր ներկայացնելու, իսկ քննչական վարչությունում հարցեր են տվել մայիսի 4-ի միջադեպի վերաբերյալ, մասնավորապես որտեղ է եղել, արդյոք ինքն է փուչիկները այրել կրակայրիչով, ծխել է փուչիկների մոտ, թե` ոչ: Ակտիվիստը կտրականապես հերքել է քննիչների` մեղադրական բնույթի բոլոր հարցերը, ինչից հետո նրան բաց են թողել:
Նշենք, որ մի խումբ բնապահպան ակտիվիստներ Հանրապետության հրապարակում պաստառներ էին պահել` ի պաշտպանություն Թեղուտի անտառի, իսկ պայթյունից հետո Միքայել Նազարյանը, ով այրվածքներ էր ստացել, օգնել է վիրավորներին:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաք-համերգի ժամանակ պայթել էին փուչիկները, եւ շուրջ 160 մարդ վիրավորվել էր: Պարզվել էր, որ փուչիկների մեջ չայրվող հելիում գազի փոխարեն այլ, ավելի էժանագին գազ է օգտագործվել:




























