Երեւանի պետական համալսարանն, այսօր` մայիսի 16-ին, նշում է իր ծննդյան 93-ամյակը, որի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հանդես են եկել Մայր բուհի երաժշտական եւ պարային ակումբները, ինչպես նաեւ ԵՊՀ շրջանավարտ եւ ուսանող անհատ կատարողներ:
Տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել նաեւ «ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությունը: Տոնական միջոցառման բացմանը խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Շնորհավորելով Մայր բուհի 93-ամյակի կապակցությամբ` նա ցանկություն է հայտնել, որ պետական համալսարանի ավանդույթները շարունակական լինեն: «1919 թվականին, երբ երկրում սով էր, մեծ թվով փախստականներ, եւ մոլեգնում էին հիվանդությունները, մեր պետական այրերը չկորցրեցին իրենց վճռականությունը եւ հանձն առան համալսարանի բացումը: Հուսով եմ, որ այսօր կարելի է ասել, որ նրանց երազանքն իրականացվեց», - նշել է ԵՊՀ ռեկտորը: Նա քաջալերել է հպարտ լինել ԵՊՀ շրջանավարտի կոչում ունենալուց եւ կոչ արել համալսարանականներին միշտ լինել բարձունքների վրա:
Տոնակատարության շրջանակներում անցկացվող «ԵՊՀ լավագույն ուսանող-2012» ամենամյա մրցանակաբաշխությանը այս տարի եւս պարգեւատրվել է 19 ուսանող` համալսարանի բոլոր ֆակուլտետներից: Մինչ այդ ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետի գիտական խորհուրդների կողմից ներկայացվել են 3-ական թեկնածուների անունները, որոնցից մրցանակաբաշխության հանձնաժողովը ընտրելու էր լավագույններին: «ԵՊՀ լավագույն ուսանողներին» հանձնվել են հավաստագրեր եւ Համալսարանի ուսանողների բարձրագույն պարգեւը` «ԵՊՀ բրոնզե հուշամեդալը»:
Ի դեպ, NEWS.am-ի լրագրողներից Ինգա Մարտինյանը, ով սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսում, եւս ճանաչվել է «ԵՊՀ Լավագույն ուսանող»:
Հիշեցնենք, որ 1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: Մինչ օրս Մայր բուհը տվել է շուրջ 100 հազար շրջանավարտ:Ներկայումս համալսարանում գործում է 19 ֆակուլտետ, ավելի քան 100 ամբիոն, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով եւ սարքավորումներով:




























