Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրմանն ուղղված օրենքները («ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին») ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից:
Այս առնչությամբ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է.
«Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո կարող են ձեռք բերել նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ Հայաստանի տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաեւ կենսաչափական տվյալներով անձնագիր:
Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության եւ նույնականացման համար հավաստագրեր: Իսկ անձնագրի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները:
Այդ փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է եւ ոչ թե` պարտականությունը, այսինքն՝ կամավոր է: Նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ուժի մեջ են մնալու նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը, որի պայմաններում 2012 թվականի հունիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ստանալ, փոխանակել նաեւ հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել վավերականության ժամկետը՝ դրանք միաժամանակ օգտագործելով թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ընդ որում, նոր նմուշի անձնագրեր կամ նույնականացման քարտեր ստանալու դեպքում անձինք չեն հանձնում հին (ներկայումս գործող) անձնագրերը, եւ դրանք հավասարապես կարող են օգտագործվել եւ՛ պետության ներսում, եւ՛ դրա տարածքից դուրս:
Օրենքի համաձայն քաղաքացին կենսաչափական տվյալներով անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից: Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչեւ նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Անձնագիրը Հայաստանում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, իսկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում: Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:
Օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ անց քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են առավել սեղմ ժամկետներում ստանալ (փոխանակել) քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ կնքելով սեղմ ժամկետներում ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագիր: Նշված ծառայությունները մատուցվելու են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների կողմից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2011 թվականի նոյեմբերի 30-ին կատարված լրացման արդյունքում սահմանվել են նաեւ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի եւ կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը, համապատասխանաբար՝ 3 հազար եւ 25 հազար դրամ:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների հիման վրա: Մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր եւ ամրագրվելու են նույնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս: Օրենքով նախատեսվել է նաեւ հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերման կամավորության սկզբունքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդեն իսկ տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաեւ 2012 թվականի հունիսի 1-ից հետո:
Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսված է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվում է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա ոստիկանությունը վերջինիս ցանկությամբ տրամադրելու է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կապահովեն քաղաքացու իրավունքների իրացումը:
Նույնականացման քարտ չստացած եւ սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ ոստիկանությունը վերջինիս կտրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով»:




























