Հայաստանի քաղաքաշինության նախարարությունում այսօր` մեկամսյա դադարից հետո, կայացել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից:
Հանձնաժողովի նիստի աշխատանքները ղեկավարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Հանձնաժողովի այս նիստում քննարկվել է աջակցող աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված երեք սենյականոց բնակարանների 81 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ, որոցից մեծ մասը ճանաչվել են շահառուներ, ինչպես նաեւ քննարկվել եւ հաստատվել է բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման կարգը եւ ժամկետները:
Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանները վիճակահանություների միջոցով կսկսվեն բաշխվել 10 օրից, հետեւյալ հերթականությամբ` 464 հատ 3 եւ նախորդից մնացած 16 հատ 4 սենյականոց, 528 հատ 2 սենյականոց եւ ապա վերջում 1 սենյականոց 640 հատ բնակարանները: Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն եւ վերջիններս վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը` սեպտեմբեր-հոկտոմբեր ամիսներին:
Նշենք, որ «Շիրակ կենտրոնը» մասնակցում եւ դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաեւ ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում` տեսաձայնագրելու եւ համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները:




























