Օգոստոսի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Սամվել Գ․-ն և հայտնել, որ հուլիսի սկզբին Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 37/1 հասցեում իրեն պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան մաս-մաս վաճառելու պայմանով տրամադրել է իր գործընկեր, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արտեմ Ղ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վերջինս հուլիսի 10-ին որպես կանխավճար խաբեությամբ նրան ուղարկել է 1 մլն 470 հազար դրամի՝ իբր իրեն փոխանցված «Հայէկոնոմբանկ»-ի կեղծ անդորրագիր, որից հետո Սամվել Գ․-ն չի կարողացել կապ հաստատել նրա հետ։

Սամվել Գ․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ հուլիսի 15-ին իր հետ կապ է հաստատել իրեն անծանոթ ոմն Արման Դ․-ն և հայտնել, որ ինքը 800 հազար դրամով գնել է նշված ավտոմեքենան։ Նա պահանջել է ներկայանալ մեքենայի անվանափոխության համար, սակայն հրաժարվել է վերադարձնել ավտոմեքենան։

Ըստ Սամվել Գ․-ի՝ այդպիսով չարաշահելով իր վստահությունը՝ իրեն պատճառվել է նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավանի և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։