Քրեակատարողական վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում աշխատանքի գնալիս ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով դեկտեմբերի 14-ին Քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել Սեւան քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը:

Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը սուբոտեքս, ափիոն, մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են եւ քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:

Պարզվել է, որ Ա.Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ:

Նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն:

Նշենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում ՔԾ կողմից քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել ու կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման ութ դեպք: