Դատաբժշկական փորձագիտությունը պարզել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի զարմիկի` Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի կնոջ մահվան հանգամանքները. նա կախվել է:
Մայիսի 16-ին 52-ամյա Մերի Քենեդիին (Մերի Ռիչարդսոն) մահացած գտել էին Նյու Յորքի իր տան նկուղում: Կինը հետմահու գրություն է թողել, որի բովանդակության մասին չի հայտնվում:
Տեղական դատաբժշկական փորձագիտության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ մահվան պատճառը ճշտվել է, եւ հայտնել է, որ արդյունքները կհրապարակվեն մի քանի ամիս անց, հաղորդում է BBC-ն:
Մերի Քենեդին եղել է ճարտարապետ: Նա ամուսնացել է Ռոբերտ Ֆ. Քենեդիի հետ 1994 թվականին, ընդ որում հարսանեկան արաողությունը տեղի է ունեցել արագանավի տախտակամածին: Նրանք ունեն 16 տարեկանից բարձր տարիքի երկու երեխաներ:
2010 թվականին Ռոբերտ Քենեդի կրտսերը ամուսնալուծվել է, այդ ժամանակվանից ամուսինները միասին չէին ապրում:
Ամուսնալուծությունից հետո Մերի Քենեդիին երկու անգամ ձերբակալել էին հարբած վիճակում մեքենա վարելու համար: Նա իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաեւ հարբածության եւ թմրանյութերի չարաշահման պատճառով:
Ռոբերտ Ֆ. Քենեդին փաստաբան եւ ռադիոհաղորդավար է, նա ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդու զարմիկն է, նրա հայրը եղել է սենատոր Ռոբերտ Ֆ. Քենեդին, որն սպանվել էր 1960-ականներին:
Կնոջ առեղծվածային մահն ստիպել է համաշխարհային լրատվամիջոցներին հիշել Քենեդի ընտանիքի ճակատագրի մասին: Անժամանակ մահերը եւ սպանություններն այնտեղ բավարար են.
1963թ. ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդին սպանվել էր Դալասում` Թեքսաս նահանգ, 1968թ. նրա եղբայր սենատոր Ռոբերտ Քենեդին սպանվել էր Լոս Անջելեսում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու ելույթից հետո, 1984 թ. Ռոբերտ Քենեդիի որդի Դեւիդը մահացել էր թմրանյութերի չարաշահումից, 1997թ. Ռոբերտ Քենեդիի որդի Մայքլը զոհվել էր դահուկներով սահելու ժամանակ, 1999թ. Ջոն Ֆ. Քենեդի կրտսերը (ԱՄՆ-ի նախագահի ավագ որդին) կնոջ հետ մահացել էր թեթեւշարժիչային ինքնաթիռի վթարից, որն ինքն էր վարելիս եղել:




























