Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) կողմից «Հեզբոլլահ» շարժման հենակետի գրավումը Ալի-Թահեր լեռնաշղթայի տակ գտնվող ստորգետնյա համալիրում թույլ կտա խոսել հարավային Լիբանանում անվտանգության գոտու ձևավորման մասին։
«Այս գործողությունը նշանավորում է հարավային Լիբանանում անվտանգության գոտում վերահսկողություն հաստատելու փուլի ավարտը»,- նախարարի խոսքն է մեջբերում The Times of Israel-ը՝ մեկնաբանելով ՑԱՀԱԼ-ի հայտարարությունները այդ շրջանի գրավման մասին։
Նա նշել է, որ հրամանատարությունը որոշում է կայացրել վերցնել այս բարձունքներն այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ կատակոմբներում կան «Հեզբոլլահ»-ի հրամանատարական և կառավարման կենտրոններ, որոնք շարժման առաջապահ հենակետն են ծառայում Էն-Նաբաթիա նահանգում։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վարում ենք հստակ, անզիջում քաղաքականություն, որն ամեն օր հաստատվում է ՑԱՀԱԼ-ի գործողություններով. Իսրայելը չի հեռանա Լիբանանի անվտանգության գոտուց, քանի դեռ Լիբանանում «Հեզբոլլահ»-ը չի զինաթափվել (...) Ալի-Թահերի գրավումը կարևոր քայլ է այս նպատակին հասնելու համար»,- հավելել է Կացը։
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՑԱՀԱԼ-ը թշնամուց մաքրել է երկու թունել, որոնք տանում են դեպի «Հեզբոլլահ»-ի ամրոցը, և մտադիր է շարքից հանել ամբողջ ստորգետնյա օբյեկտը։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը պարբերականին պատմել է, որ ԻՀՊԿ-ի «Ալ-Ղուդս» հատուկ ստորաբաժանման ծառայողները գտնվում են «Հեզբոլլահ»-ի մարտիկների հետ միասին Ալի-Թահեր լեռնաշղթայի տակ գտնվող ստորգետնյա տարածքներում։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ հինգշաբթի Իրանը Օմանի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին այն մասին, որ Ալի-Թահերի տակ գտնվող ռազմավարական օբյեկտի գրավումը ՑԱՀԱԼ-ի կողմից անընդունելի կլինի, և իսրայելական հարձակման շարունակման դեպքում Իրանը ստիպված կլինի պատասխանել։




























