Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային վերսկսելու համար գոյություն ունեն լուրջ իրավական խոչընդոտներ, և կասկած է հայտնել, որ հնարավոր կլինի դրանք հաղթահարել, հաղորդում է Kathimerini-ն։

«Մեր գործը չէ ԱՄՆ-ին հուշել, թե ինչ համակարգեր վաճառել այս կամ այն երկրին, սակայն կան իրավական խնդիրներ, և մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել», — ասել է Միցոտակիսը Սալոնիկում կայացած 90-րդ միջազգային ցուցահանդեսի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշել է, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի այն հինգ երկրների թվում է, որոնք արդեն ՀՆԱ-ի 3,5%-ն ուղղում են պաշտպանությանը։ Միաժամանակ Աթենքը շարունակում է ամրապնդել հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների հետ։ Միցոտակիսը հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակում այցելել Սաուդյան Արաբիա։

«Այն, որ Հունաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, չի նշանակում, որ այն անտեսում է հարաբերությունները Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ», — ընդգծել է Հունաստանի վարչապետը։