BMW-ն ներկայացրել է հաջորդ սերնդի 3 Series-ի նոր առաջատար տարբերակը՝ M350-ը։ Ավտոմեքենան կստանա 3,0 լիտր ծավալով շարային վեցմխոցանի շարժիչ՝ 437 ձիաուժ հզորությամբ, ինչը 50 ձիաուժով ավելի է, քան նախորդ M340i-ի դեպքում, գրում է Autocar-ը։

Շարժիչը կաշխատի ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի և լիաքարշակ համակարգի հետ զուգակցված։ M350-ը կկարողանա 0-ից 100 կմ/ժ արագանալ 4,1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 250 կմ/ժ։

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը դրիֆթի ռեժիմն է, որը առաջին անգամ կհայտնվի 3 Series-ի այն տարբերակում, որը չի պատկանում լիարժեք M ընտանիքին։ Այս ռեժիմում համակարգը կկարողանա քարշուժը փոխանցել միայն հետևի անիվներին՝ հեշտացնելով ավտոմեքենայի կառավարումը սահքի ընթացքում։

Սակայն մեքենայի թողարկումից անմիջապես հետո գործառույթը հասանելի չի լինի․ BMW-ն նախատեսում է այն ավելացնել հաջորդ տարի՝ ծրագրային ապահովման թարմացման միջոցով։

M350-ը կստանա ստանդարտ պողպատե կախոց, իսկ որպես օպցիա հասանելի կլինեն ադապտիվ ամորտիզատորների երկու տարբերակ՝ հարմարավետության համար կարգավորված և ավելի կոշտ՝ M կարգավորումներով։ Բացի այդ, ավտոմեքենան կհամալրվի տարբեր լայնության սպորտային անվադողերով՝ 245 մմ առջևում և 275 մմ հետևում։

Ներքին այրման շարժիչներով նոր սերնդի 3 Series-ի առաջին ավտոմեքենաները վաճառքի կհանվեն այս տարվա վերջին՝ i3 էլեկտրական տարբերակից հետո։ Մեծ Բրիտանիայում մատակարարումները սպասվում են 2027 թվականի սկզբին։

BMW-ն նաև պատրաստում է M3-ի նոր սերունդը, որը կհայտնվի հաջորդ տարի և հասանելի կլինի ինչպես բենզինային, այնպես էլ էլեկտրական ուժային ագրեգատով։