Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նշել է, թե ամերիկյան կողմն ինչ քայլեր կարող էր ձեռնարկել Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։

Նա հավելել է, որ Պուտինը Թրամփին տվել է հատուկ ռազմական գործողության գոտում տեղի ունեցողի օբյեկտիվ վերլուծությունը, ինչպես նաև գնահատել է Ռուսաստանի առաջադրված խնդիրների իրագործման հեռանկարները։

«Ի դեպ, նշվել է նաև, թե ամերիկացիներն իրականում ինչ կարող էին անել ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար»,- ասել է Ուշակովը։

Ռուսաստանի նախագահի օգնականը Պուտինի և Թրամփի տեղի ունեցած զրույցը բնութագրել է կառուցողական և բավականին անկեղծ: