Եվրոպական Միությունը երկու տարվա ընթացքում իրականացրել է եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացման վերաբերյալ Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի հանձնարարականների միայն 26%-ը, ասվում է Joint European Disruptive Initiative (JEDI) Draghi Tracker-ի զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի, գրում է Euronews-ը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ Դրագիի առաջարկների կատարման գործում առաջընթաց կա, սակայն ԵՄ-ն աշխարհի մնացած մասի համեմատ շարժվում է ոչ բավարար արագությամբ։ Նրանց գնահատմամբ՝ հատկապես դանդաղ է ընթանում այն օրենսդրական աշխատանքը, որն անհրաժեշտ է բարեփոխումների իրականացման համար։

Դրագին իր զեկույցը ներկայացրել էր Բրյուսելում 2024 թվականի սեպտեմբերին։ Այն պարունակում էր առաջարկների համալիր, որը կոչված էր բարձրացնելու ԵՄ-ի մրցունակությունը և նրա ռազմավարական անկախությունը աշխարհի խոշորագույն տերություններից՝ առաջին հերթին ԱՄՆ-ից և Չինաստանից։ Առանցքային հանձնարարականների թվում էին ներդրումների ավելացումը ռազմավարական ճյուղերում, ներառյալ՝ արհեստական բանականության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

Եվրահանձնաժողովը և ԵՄ երկրների ներկայացուցիչները դրական էին գնահատել զեկույցը՝ հայտարարելով, որ մրցունակության բարձրացումն ընթացիկ քաղաքական փուլի գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Սակայն, ինչպես նշվում է JEDI-ի հետազոտության մեջ, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ սպասվածից ավելի դանդաղ են առաջ մղվում։

«30 առանցքային միջոցառումներից ոչ մեկն ամբողջությամբ չի իրականացվել։ Եվ միայն հանձնարարականների 30%-ն է ցույց տալիս էական առաջընթաց»,- ասվում է զեկույցում։ Միաժամանակ հեղինակները շեշտում են, որ գնահատում են ոչ թե քաղաքական հայտարարություններն ու մտադրությունները, այլ հանձնարարականների փաստացի կատարումը։

Ամենամեծ առաջընթացը գրանցվել է էներգետիկայի և հումքային ռեսուրսների ոլորտում՝ 35%։ Ֆինանսների և ներդրումների ոլորտում ցուցանիշը կազմել է 25%, պաշտպանության, տիեզերքի և արհեստական բանականության ոլորտներում՝ նույնպես 25%, հետազոտությունների և հմտությունների զարգացման ոլորտում՝ 21%։ Չնայած Եվրոպայի վրա ՔՈՎԻԴ-19 համավարակի լուրջ ազդեցությանը՝ Առողջապահության և կենսաբժշկական գիտություններին բաժին է ընկել ընդամենը 13%։

JEDI-ի գիտական տնօրեն Անդրե Լյոսեկրուգ-Պիետրին հայտարարել է, որ Դրագիի զեկույցի հրապարակումից երկու տարի անց նրա առանցքային հանձնարարականներից ոչ մեկը ամբողջությամբ չի կատարվել։ Ըստ նրա՝ առաջարկված ծրագրի մոտ մեկ երրորդը զգալի ֆինանսական ծախսեր չի պահանջում, սակայն կախված է քաղաքական կամքից։

Ըստ 2026 թվականի մարտին ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հաստատած բարեփոխումների ճանապարհային քարտեզի՝ հիմնական միջոցառումները պետք է հաստատվեն մինչև ընթացիկ տարվա վերջ։

«Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ծրագիրը նախատեսում է կապիտալի շուկաների բարեփոխում, օրենսդրության պարզեցում, EU Inc. նախաձեռնության մեկնարկ, որը հայտնի է նաև որպես «28-րդ ռեժիմ», ինչպես նաև Արդյունաբերական զարգացման արագացման մասին օրենքի ընդունում։