Թուրքիայում զանգվածային խուզարկություններ են անցկացվել գեյ-բարերում և ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների տներում, որոնց արդյունքում իշխանությունները գործեր են հարուցել 162 անձի, ինը կազմակերպության և 13 ընկերության դեմ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, տեղեկացնում է AFP-ն։

Ըստ նրա «Իմ ընտանիքն անվտանգ է» անվանումով գործողություններն իրականացվել են 15 նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, ոստիկանության և ժանդարմերիայի մասնակցությամբ։ Նախարարը չի հստակեցրել, թե քանի մարդ է ձերբակալվել։

Գյուրլեքը խուզարկությունները կապել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայտարարված «Ընտանիքի տասնամյակի» հետ, որը, ըստ նախարարի, միտված է «մեր երեխաների, ընտանիքի ինստիտուտի և հասարակական կարգի պաշտպանությանը»։

Ստամբուլում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի գեյ-բարերում և գիշերային ակումբում, որը համարվում է ԼԳԲՏ համայնքի հավաքատեղիներից մեկը։ Այդ մասին վկայում են իշխանամետ լրատվամիջոցների հրապարակած տեսագրությունները։ Բացի այդ, խուզարկություն է իրականացվել տղամարդկանց համամում, որը, ըստ հաղորդումների, օգտագործվել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար։

Kaos GL իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ տներում իրականացված խուզարկություններից հետո ձերբակալվել են նրա ավելի քան տասը անդամներ։