102 ռազմաբազայի վերաբերյալ իմ պատկերացումները համընկնում են Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված 2020–ի հուլիսի Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փաստաթղթի հետ որտեղ հայ ռուսական համագործակցությունը, այդ թվում ռազմական ոլորտում, և երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-ում անդամակցության իմաստով, այդ փաստաթղթով դիտվում է որպես ՀՀ անվտանգության համակարգի բաղադրիչը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Դիտարկմանը, որ իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ եթե ռուսական ռազմաբազան հանենք, Հայաստանն անտեր կմնա, նա ասաց. «Տարբեր ձևերով կարելի է ներկայացնել, խնդիրը վերաբերում է մեր երկրի ընդհանուր պաշտպանական անվտանգային համակարգին, իսկ դրա հիմնական բաղադրիչը ՀՀ զինված ուժերն են։ Զինված ուժերից բացի անվտանգային համակարգի  բաղադրիչներից են տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: Ռուսական ռազմաբազան, ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանում տեղակայված են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում, և դրանք մաս են կազմում մեր երկրի անվտանգային համակարգի: Մեր զինված ուժերը ռուսական ուժերի հետ, ռազմաբազայի հետ ունեն սինխրոնացման հստակ գործողությունների պլան, և խաղաղ պայմաններում, և ռազմական դրության պայմաններում: Մեր քաղաքական ղեկավարի պնդումները յուրօրինակ կերպով ներկայացվել են այնպես, ինչպես որ վերաբերում է մեր երկրի ընդհանուր անվտանգության համակարգին»։

Ճշտող հարցին՝ ինչպես է Հայաստանի անտերությունը դրսևորվելու, եթե 102-րդ ռազմաբազան չլինի Գյումրիում, Ղազարյանն ասաց. «Խոսքն այն մասին է, որ եթե մեր երկրի անվտանգության համակարգից դուրս է բերվում որևէ բաղադրիչ և դա չի փոխարինվում համարժեք բաղադրիչով, որը կլրացնի այդ անվտանգային համակարգը և կարող է մեղմել հնարավոր անվտանգային ռիսկերը, ապա խոսքը դրա մասին է:

Ես կարծում եմ, որ Թուրքիայից Հայաստանի վրա ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է գոյություն ունենալ, որովհետև Թուրքիան Հայաստանի անվտանգության ռազմավարական փաստաթղթերով Թուրքիան համարվում է Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող պետություն»։

Դիտարկմանը, որ իր կարծիքով այդ 2000 հոգանոց բազա՞ն է զսպում Թուրքիային, նա ասաց. «Ոչ միայն։ Հայ-թուրքական սահմանին տեղակայված է նաև Ռուսաստանի անվտանգության դաշնության սահմանապահ զորքերը և ռազմաբազան ունի իր մարտական խնդիրը։ Այսինքն դա կոնկրետ որոշակի ժամանակահատվածում դիմադրության ցույց տալու խնդիր ունի, իսկ այդ ռազմաբազան հանդիսանում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգում մի առանձին ստորաբաժանում և ըստ ռազմական պլանի, ենթադրվում է, որ նրանք անհրաժեշտ աջակցություն կստանան իրենց վրա որևէ հարձակման դեպքում»։

Հարցին՝ արդյո՞ք հայ զինվորի, հայոց բանակի դերը նսեմացնել, արժեզրկել, չէ՞, երբ ասվում է, որ 102-րդ ռազմաբազան եթե չլինի, անտեր կմնանք, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. « Ոչ, տարբեր երկրներ իրենց երկրի տարածքում ունեն այլ երկրների ռազմական ստորաբաժանումներ, որոնք այդ երկրների անվտանգային համակարգի մաս են կազմում: Ես ծառայություն եմ իրականացրել Լեհաստանում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է այն տրամաբանությամբ, ինչպես որ Հայաստանն է ՀԱՊԿ-ի անդամ, դա էլ է ռազմաքաղաքական կազմակերպություն, և դրանից բացի Լեհաստանի տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմական ստորաբաժանումներ։ Դա չի նսեմացնում Լեհաստանի զինված ուժերի դերը, հակառակը, դրանով ամրապնդվում է Լեհաստանի անվտանգային համակարգը»։