Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում օրերս մահացել է 19-ամյա Արմեն Սարգսի Հարությունյանը, ով բանակ է զորակոչվել Գյումրիից 2011-ի դեկտեմբերի 28-ին: Այս մասին տեղեկացնում է Գյումրիում գործող «Ասպարեզ» լրատվամիջոցը:
Հարազատները պատմել են, որ զինվորը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն, զոհվել է այդ նռնակի պայթյունից»:Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին եւ ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի նշման, անորոշ է:Զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր:




























