Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պայմանավորվել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները դադարեցնելու շուրջ, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով թուրք դիվանագետին։

Նախաձեռնությունը ի հայտ է եկել Սև ծովում հարձակումների թվի կտրուկ աճի ֆոնին։ Ոլորտի ներկայացուցիչների տվյալներով՝ հունիսի վերջից ի վեր վնասվել է թուրքական ընկերություններին պատկանող առնվազն 25 նավ։

«Մենք ռուսական և ուկրաինական կողմերին ենք փոխանցել հուշագրի տեքստը՝ փաստաթղթի նախագիծ, որը պետք է օգնի լուծում գտնել Սև ծովում տեղի ունեցող հարձակումների խնդրին», — նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջարկը հիմնված է այն մեխանիզմի վրա, որը կիրառվել էր 2022 թվականին ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումն ապահովելու համար։ Այն ժամանակ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել էին Սև ծովով ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անցման անվտանգ միջանցք ստեղծել։

Ռուսաստանը համաձայնագրից դուրս եկավ մեկ տարի անց։ Դրանից հետո Ուկրաինան այլընտրանքային երթուղի ստեղծեց Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով։

Թուրք դիվանագետը նշել է, որ այդ երթուղու շրջանակում կա մոտ չորսից հինգ ծովային մղոն երկարությամբ հատված, որտեղ ուկրաինական նավերը ստիպված են լինում դուրս գալ տարածքային ջրերից և անցնել միջազգային ջրերով։ Նրա խոսքով՝ հենց այս հատվածն է մնում ամենառիսկայինը։

«Մեր առաջարկը ևս ներշնչված է այդ մեխանիզմով», — պարզաբանել է նա։

Թուրքիան ակնկալում է օգտագործել նավագնացության անվտանգության ապահովման արդեն իսկ առկա փորձը՝ քաղաքացիական նավերը Սև ծովում նոր հարձակումներից պաշտպանելու համար։