ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան մոտակայքում հնարավոր սպառնալիքները վերահսկող դիտարկման անօդաչուներ է տեղակայել, որոնք մշտապես պատրաստի վիճակում են, հայտնում է ABC հեռուստաալիքը։
«Ընդամենը մի քանի հարյուր ֆուտ հեռավորության վրա, առանց ավելորդ աղմուկի, արդեն գործում է անօդաչու սարքերի բազա, որը ղեկավարում է ոչ թե բանակը, այլ Գաղտնի ծառայությունը։ Տեսախցիկներով ու տվիչներով հագեցած փոքր ԱԹՍ-ները, որոնք նախատեսված են բարձրությունից հնարավոր սպառնալիքները նկատելու համար, տեղադրված են եղանակային պայմաններից պաշտպանված չորս մոխրագույն տուփերում և մշտապես պատրաստ են օդ բարձրանալու», — նշված է հոդվածում։
Անօդաչուները զենք չեն կրում. դրանք տեղադրված են Ֆինանսների նախարարության շենքի տանիքին։ Գաղտնի ծառայությունը կարող է դրանք գործարկել հեռակառավարման վահանակներից՝ ստեղծված իրավիճակին անհապաղ արձագանքելու համար, հայտնում է հեռուստաալիքը։
«Աշխատանքի այս մոդելն արդեն կիրառում են ԱՄՆ հարյուրավոր ոստիկանական գերատեսչություններ. դրանցում հաճախ ներդրված է արհեստական բանականություն, որն օգնում է շրջանցել արգելքներն ու հետևել թիրախին», — ասված է հաղորդագրության մեջ։
ABC-ի գնահատմամբ՝ այս մասին հրապարակավ չէր հայտարարվում, որպեսզի չթուլացվեին Սպիտակ տան փաստարկները հօգուտ պարասրահի կառուցման, որի տանիքին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր անվտանգության ապահովման նպատակով հրթիռակիր ռազմական անօդաչուներ տեղադրել։
«Գաղտնի ծառայությունը հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ ինչ գործառույթ են իրականացնում անօդաչուները, սակայն նշել է, որ ԱԹՍ-ների նոր տուփերը կապ չունեն պարասրահի տանիքին նախատեսվող բազայի հետ», — ասված է հոդվածում։



























