Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրություն են պահանջում։ Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում «Ղարաբաղի հայության սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու դրանց լուծումները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի իրականացրած հետևողական ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների հետևանքով մեր հայրենակիցները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ենթարկվեցին ցեղասպանության ու էթնիկ զտման։ Մեր 120 հազար հայրենակիցները ստիպված եղան լքել իրենց հազարամյա հայրենիքն ու ապաստան գտնել Հայաստանում։ Բռնի տեղահանությունը, բնականաբար, առաջացրել է բազմաշերտ հումանիտար, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգեբանական խնդիրներ։ Ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնպես էլ հասարակական կազմակերպություններն ու անհատները փորձել են լուծումներ գտնել այս խնդիրների համար», — նշել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են։ Գործում են տարբեր ծրագրեր, որոնց միջոցով փորձ է արվում հոգալ բռնի տեղահանվածների գոնե նվազագույն կարիքները՝ ապահովելով նրանց սոցիալական կայունությունը։

«Այնուամենայնիվ, խնդիրների մեծ մասը շարունակում է մարտահրավեր մնալ։ Դրանք մշտական վերանայման ու գնահատման կարիք ունեն։ Այդ խնդիրներն այնքան լուրջ ու խորն են, որ ամենօրյա ուշադրություն և լուծում են պահանջում», — եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։

Հավելենք, որ քննարկումը կազմակերպել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։