ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ավարտից ընդամենը ժամեր անց, որտեղ ելույթ էր ունեցել նաև Վլադիմիր Զելենսկին, ռուսական զորքերը հինգշաբթի գիշերը հրթիռակոծեցին Կիևը։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ թշնամին դարձյալ բալիստիկ հրթիռներ է կիրառել, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Զոհերից մեկը գտնվում էր Պոդոլսկի շրջանի ծննդատան մոտակա ավտոկայանատեղիում, որտեղ ընկել էին հրթիռի բեկորները։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության նախնական տվյալներով՝ գիշերային հարձակումներից տուժել է ութ կիևցի։ Ռուսական կողմն արդեն չորրորդ օրն անընդմեջ անօդաչուներով ու հրթիռներով գնդակոծում է Ուկրաինայի մայրաքաղաքը։
Գիշերային հարվածներ են գրանցվել նաև Սոլոմենսկի և Դնեպրովսկի շրջաններում։ Սոլոմենսկիում հրդեհվել են պահեստներ, կա երեք հոսպիտալացված վիրավոր։ Դնեպրովսկիում վնասվել են վարչական ու բնակելի շենքեր, իսկ առանձնատներից մեկն իսպառ ավերվել է։ Պոդոլսկում, ծննդատնից բացի, հարված ստացած մեկհարկանի շինությունում նույնպես հրդեհ է բռնկվել։ Կլիչկոն հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։ Հարձակմանն արձագանքել է նաև Զելենսկին՝ «Տելեգրամում» գրելով, որ թիրախավորումը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ ինքը կոնգրեսականների հետ քննարկում էր Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցներ սահմանելու մասին Լինդսի Գրեմի հեղինակած օրինագիծը։
Նախագահի խոսքով՝ հերթական գիշերային գրոհի հիմնական թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն էին՝ տները, հիվանդանոցները, էներգետիկ ու լոգիստիկ հանգույցները։ «Երբ մարդիկ քնած էին, երկնքում պայթյուններ էին որոտում։ Արդեն հաստատվել է երկու զոհի փաստը, կան նաև վիրավորներ։ Փրկարարները շարունակում են աշխատել․ փլատակների տակ մարդիկ են մնացել»,- նշել է նա։
Սեպտեմբերի 23-ին ռուսական բանակը դարձյալ ԱԹՍ-ներով գրոհել էր Կիևը, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Կլիչկոյի և քաղաքային դատախազության ամփոփ տվյալներով՝ չորեքշաբթի օրվա ընթացքում տուժածների ընդհանուր թիվը հասել էր 45-ի։ Վնասվել էին նաև մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ երկրի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի՝ «Դարնիցայի» պահեստն ու գործարանը։




























