Խորհրդային շրջանում արհմիությունները  ձեռնարկություններում ստեղծվում էին, այսպես կոչված, «կամավոր-պարտադիր» հիմունքներով:  Ուստի, բացի պարտադիր «կուսկոմներից», գործում էին նաեւ «արհկոմներ», որոնք լուծում էին սոցիալ-արտադրական բնույթի հարցեր` բնակարանների բաշխումից մինչեւ ձեռնարկություններում աշխատանքի կազմակերպում:

Շուկայական հարաբերությունների անցման հետ մեկտեղ, «կուսկոմների» ինստիտուտն անհետացավ, իսկ պորֆկոմիտեներ գործում են հաշված կազմակերպություններում: Հիմա մասնավոր հատվածում սեփականատերն արդեն  ինքն է որոշում` պետք է արհմիություն, թե ոչ: Ընդ որում, շատ դեպքերում այդ հարցի պատասխանը բացասական է: Միայն խոշոր առեւտրային ընկերություններում են երբեմն նման կազմակերպություններ հանդիպում: Ինչ վերբերում է փոքր եւ միջին ձեռնարկություններին, ապա, ավաղ, ասյտեղ լիակատար ձախողում է:

Արհմիությունների ստեղծումն, իհարկե, ինքնանպատակ չէ: Նման միավորումները թույլ են տալիս աշխատակիցներին արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները: Այդ «պաշտպանության» մեթոդներից մեկը կոլեկտիվ համաձայնագիրն է, որում մանրամասնորեն նկարագրվում են կողմերի իրավունքներն ու պարտավորությունները:

Այս փաստաթուղթը, որի գործունեության ժամկետը սահմանափակվում է երեք տարով, թույլ է տալիս կարգավորել գործատուի եւ աշխատակազմի միջեւ ծագող բարդ հարցերը:  Կարեւորը, որ այդ փաստթուղթը կազմվի գրագետ: Հենց այստեղ էլ հանդիպում են ստորջրյա խութերը` արհմիության անդամների ոչ բավարար իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին:

Հանրապետական արհկազմակերպությունների միությունն այդ նպատակով երկօրյա սեմինար էր կազմակերպել` «Սոցիալական գործընկերությունը որպես սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմ» թեմայով, որի ժամանակ նաեւ գործնական պարպմունքներ եղան մասնակից արհկազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Ի դեպ, այդ պարպմունքները բացահայտեցին մի շարք համակարգային թերություններ, որոնք ի հայտ են գալիս արհկազմակերպությունների կողմից կոլեկտիվ պայմանագրերի մշակման ժամանակ: Այդ իսկ պատճառով, ամփոփելով միջոցառման արդյունքները, ոլորտային միության նախագահ Շմավոն Մկրտչյանն ընդգծեց, որ ձեռք բերված գիտելիքները թույլ կտան առավել գրագետ կազմել այդ փաստաթղթերը` գործատուների մոտ իրենց իրավունքները արդյունավետ պաշտպանելու համար:

Սեմինարի ժամանակ չշրջանցվեցին նաեւ առաջնային արհմիությունների ստեղծման հետ կապված խնդիրները:

Հայաստանում արհմիություն ստեղծելու համար, ինչպես նշեց Շմավոն Մկրտչյանը,  պահանջվում է անձնակազմի ընդամենը երեք անդամի առկայություն: Այս պահանջը  ամենալիբերալներից է աշխարհում:

Գաղտնիք չէ, որ փոքր ձեռնարկություններում սեփականատիրոջ կողմից աշխատանքի են ընդունվում բարեկամ-հարազատներն ու ծանոթները: Այդ իսկ պատճառով արհմիություն ստեղծելու ցանկացած փորձ կարող է դիտվել որպես միջամտություն նրա իրավունքներին: Դրա համար աշխատակիցները լռում են եւ ոչինչ չեն ձեռնարկում:

Խոշոր առեւտրային ընկերություններում, որոնք տեղի գործարարների սեփականությունն են, եւս արհկազմակերպությունների ստեղծումը չի խրախուսվում: Տնտեսության մեջ բացառություն կարող է լինել միայն առեւտրային բանկերի ոլորտը:

Այդ հարցն ավելի օրինակելի է դրված արտասահմանյան կապիտալով առեւտրային կազմակերպություններում: Նրանց կողմից արհկազմկերպությունների գոյությունը ողջունվում է` որպես անձնակազմի հետ քաղաքակիրթ  «երկխոսության» միջոց: Ինչ վերաբերում է «տնաբույծ» կապիտալիստներին,  ապա այդ դեպքում անձնակազմի հետ «երկխոսության» մասին խոսք լինել չի կարող: Նկատենք, որ նման պատկեր զարգացած երկրներում դիտվել է միայն վայրի կապիտալիզմի շրջանում, երբ այդպիսի հասկացություն, ինչպեսին արհկազմակերպությունն է, գոյություն չի ունեցել:

Ալբերտ Խաչատրյան