Վատիկանը նախազգուշացնում էր արհեստական բանականությամբ հրահրված ապոկալիպսիսի վտանգի մասին դեռ շատ ավելի վաղ, քան ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ահազանգ հնչեցրին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Այժմ այս խնդիրը դառնում է Հռոմի Լևոն պապի կենտրոնական թեմաներից մեկը։
Հռոմի Լևոն պապը, որը մայիսին աշխարհի առաջնորդներին կոչ էր արել մշակել արհեստական բանականության ոլորտը կարգավորող համաշխարհային կանոններ, հինգշաբթի Վատիկանում անցկացված հանդիպման ժամանակ կրկին նախազգուշացրել է ԱԲ-ի վտանգների մասին։ Սպասվում է, որ ուրբաթ նա կրկին կանդրադառնա այս թեմային Փարիզում՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կենտրոնակայանում ունեցած ելույթում։
«Սուրբ Աթոռի համար սա ամենևին էլ առաջին դեպքը չէ»,- Reuters-ին ասել է Վատիկանի արհեստական բանականության հարցերով առաջատար խորհրդականներից մեկը՝ հոգևորական Պաոլո Բենանտին, խոսելով տեխնոլոգիաների զարգացումը դանդաղեցնելու վերջին կոչերի մասին, որոնք աջակցել էին Anthropic, OpenAI և xAI ընկերությունների ղեկավարները, հաղորդում է Reuters-ը։
«ԱԲ-ի վերափոխող ուժը… կարող է հասարակությունում այնպիսի լայնածավալ փոփոխությունների հանգեցնել, որոնց կանխատեսումը չափազանց դժվար է»,- ասել է Բենանտին։
Քահանան հրաժարվել է բացահայտել գագաթնաժողովում տեղի ունեցած գաղտնի քննարկումների մանրամասները։
Հինգշաբթի, ելույթ ունենալով Պապական գիտությունների ակադեմիայում, Հռոմի Լևոն 14-րդ պապը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել մարդկության համար, սակայն միաժամանակ «անվտանգության և միջազգային խաղաղության համար նոր սպառնալիքներ» է ստեղծել։ Նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել «իմաստուն կերպով կառավարել» այս տեխնոլոգիայի զարգացումն ու կիրառումը։
Վատիկանը արհեստական բանականության ռիսկերի մասին սկսել էր նախազգուշացնել դեռ 2019 թվականին՝ կազմակերպելով այս տեխնոլոգիայի հնարավոր վտանգներին նվիրված երկու համաժողով։ Հանգուցյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դրանցից մեկում նախազգուշացրել էր, որ ԱԲ-ի միջոցով ապատեղեկատվության տարածումը կարող է համաշխարհային պատերազմ հրահրել։
Հռոմի Լևոն պապը հատկապես կոչ է անում խստացնել սպառազինության համակարգերի մշակման վերահսկողությունը։ Իր հանրագրում նա հայտարարել է, որ նման զինատեսակները զարգացել են «գործնականում մարդու կողմից դրանք կառավարելու ցանկացած հնարավորությունից դուրս»։
Բենանտին նշել է, որ Վատիկանը միջազգային հարթակում արդեն մի քանի տասնամյակ հանդես է գալիս ինքնավար զենքի դեմ։ Նա արհեստական բանականությամբ անօդաչու սարքերը համեմատել է ականների հետ, որոնք ի վիճակի չեն տարբերակել թիրախները։
Հոգևորականը Վատիկանի՝ ԱԲ-ի ռիսկերի մասին նախազգուշացումները համեմատել է միջուկային զինաթափման մասին պապերի բազմամյա կոչերի հետ։ «Եթե միջուկային զենքը կարող է ոչնչացնել մարդկությանը… ապա գեներատիվ ԱԲ-ի ստեղծած բովանդակությամբ սոցիալական տարածքներում մանիպուլյացիան կարող է ոչնչացնել մարդկանց՝ միասնական հասարակություն մնալու կարողությունը»,- ասել է նա։
«Միջուկային զենքը պետք է պահվի հատուկ օբյեկտներում, այն կարելի է հաշվառել և վերահսկել։ ԱԲ-ի դեպքում ամեն ինչ այլ է․ այն այնքան էլ տեսանելի չէ»։




























