Հռենոսի առանցքային չափիչ կայաններից մեկում՝ Քյոլնում, ջրի մակարդակը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Ջրային ուղիների և նավագնացության վարչության տվյալները։

Ջրի մակարդակն իջել է մինչև 40 սանտիմետր, ինչը բացարձակ ռեկորդ է չափումների ողջ պատմության ընթացքում։

Հռենոսի ջրի մակարդակի ցուցանիշները տարբեր չափիչ կայաններում համադրելի չեն, քանի որ միասնական զրոյական նիշ գոյություն չունի։ Ընդ որում, նավարկելի ջրանցքը զգալիորեն ավելի խորն է, քան ափամերձ կայանում արձանագրված ջրի մակարդակը․ Քյոլնում այն ներկայումս կազմում է 1,11 մետր։

Հռենոսի, ինչպես նաև օգոստոսին Եվրոպայի այլ գետերի ցամաքումը լուրջ խնդիրներ է առաջացրել ներքին նավագնացության համար։