«Արաքսի պղտոր ջրերը կանգ կառնեն, բայց ես չեմ հրաժարվի պատգամավորական իմ մանդատից»,- դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Նշելով, թե ավելորդ անգամ ինքն իրեն հանրությանը ներկայացնելու կարիք չունի, քանի որ «բոլորը լավ են ճանաչում մարքսիստ Դավիթ Հակոբյանին», նա տեղեկացրեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում շտաբներ եւ գրասենյակներ չի բացելու եւ հույսը դնելու է միայն իր «անձնական քաղաքական վարկանիշի վրա»: «Կապովի շուն չդառնալու համար ոչ ոքի հովանավորությանը չեմ դիմելու եւ ոչ էլ քարոզարշավներով ձանձրացնելու եմ մարդկանց. այդ դեպքում միայն հակառակ ռեակցիա կարող է լինել»,- տեղեկացրեց նա։

Անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի մյուս երեք թեկնածուներ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին եւ «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից առաջադրված Արա Սիմոնյանին՝ Դ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ իր «երեք մրցակիցներին էլ պոտենցիալ կեղծարարներ է համարում»: «Գեղամյանի կուսակցին եւ Հմայակ Հովհաննիսյանին ես դիտում եմ իբրեւ իշխանության կողմից իջեցված դեսանտ»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական թափուր մանդատի համար ընտրությունները տեղի կունենան 2010թ. հունվարի 10-ին։