Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը և SpaceXAI ընկերությունը արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կողմերը կուսումնասիրեն Grok մոդելների հիման վրա ստեղծված լուծումների կիրառման հնարավորությունը պետական ծառայություններում և երկրի թվային վերափոխման այլ ուղղություններում։

Հուշագիրը չի սահմանափակվում որևէ մեկ ոլորտով և ենթադրում է արհեստական բանականության կիրառման հնարավորությունների գնահատում բոլոր պետական հաստատություններում։ Հաջող փորձարկումների դեպքում կողմերը կքննարկեն մշակված լուծումների ավելի լայն ներդրման հնարավորությունը պետական հատվածում։

Թվային զարգացման և տրանսպորտի նախարարի տեղակալ Ռաշադ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը արհեստական բանականության քննարկումից անցնում է դրա գործնական կիրառմանը։ Նրա ասելով՝ նախատեսվում է ուսումնասիրել SpaceXAI-ի տեխնոլոգիաները՝ պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և mygov թվային հարթակի միջոցով քաղաքացիների ծառայություններից օգտվելու հասանելիությունը բարելավելու համար։

SpaceXAI-ի ներկայացուցիչ Դաստին Ելինեկը հայտարարել է, որ ընկերությունը հույս ունի օգնել կառավարությանը կիրառել Grok-ը՝ քաղաքացիներին ավելի արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար։

Հաջորդ փուլում կողմերը մտադիր են մշակել համագործակցության ճանապարհային քարտեզ։ Այն կներառի պիլոտային նախագծեր, տեխնիկական ցուցադրություններ և փոխգործակցություն շահագրգիռ կողմերի հետ։ Ընդ որում, կոնկրետ նախագծերը կմեկնարկեն միայն առանձին համաձայնագրերի կնքումից հետո։

Առանձին ուղղություն կդառնա տեղական մասնագետների պատրաստումը․ կողմերը պայմանավորվել են փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև զարգացնել համապատասխան հմտությունները երկրի ներսում։ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նաև գնահատել Grok-ի հիման վրա ստեղծված լուծումների կիրառման հնարավորությունը ազգային թվային ենթակառուցվածքում։

Նախարարությունում հայտարարել են, որ համագործակցությունը պետք է իրականացվի անվտանգության պահանջների և տվյալների պաշտպանության ժամանակակից արձանագրությունների պահպանմամբ։

Հուշագիրը համապատասխանում է Ադրբեջանի արհեստական բանականության զարգացման պետական ռազմավարությանը 2025–2028 թվականների համար և թվային զարգացման արագացման 2026–2028 թվականների ծրագրին։