Ամերիկյան Walt Disney Co.-ն՝ աշխարհի խոշորագույն ժամանցային և մեդիա ընկերությունը, նախատեսում է վերակառուցել հեռուստատեսային բիզնեսը, ինչը կարող է նշանակել ստորաբաժանումների համախմբում և հարյուրավոր աշխատատեղերի կրճատում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ Disney-ի ղեկավարությունը քննարկում է ծրագրի մանրամասները, որի նախապատրաստումը կարող է ձգձգվել մինչև 2027 թվականը։
Վերակազմավորումը ենթադրում է բիզնեսի վերակառուցում՝ հաշվի առնելով սթրիմինգային ծառայությունների առանձնահատկությունները։ Ակնկալվում է, որ կրճատումները կազդեն ABC Entertainment, 20th Television, Hulu Originals, National Geographic և Freeform-ի ղեկավարների վրա։
Նոր միջոցառումները կդառնան ավելի լայնածավալ ջանքերի մի մասը, որոնք ուղղված են ընկերության չափազանց մեծացած կառուցվածքի օպտիմալացմանը՝ բազմաթիվ տարանջատված ստորաբաժանումներով, որոնք հաճախ կրկնում են միմյանց գործառույթները։
Disney-ի նախագահ և գլխավոր ստեղծագործական տնօրեն Դանա Ուոլդենը հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ընկերությունը ցանկանում է «կենտրոնացնել հեռուստատեսային բիզնեսը»՝ նշելով կազմակերպական կառուցվածքի մշտական վերանայման անհրաժեշտությունը։
Կրճատումներն արդեն ազդել են Disney-ի մի շարք ծառայությունների վրա։ Երեքշաբթի աշխատանքից ազատվել է ավելի քան 300 մարդ, որոնց մեծ մասը աշխատում էր կադրերի և ՏՏ բաժիններում։ Նախատեսվում են նաև կրճատումներ այն ստորաբաժանումում, որը զբաղվում է իրավական հարցերով և միջազգային կապերով։ Այն ղեկավարող Օրասիո Գուտիերեսը ծառայողական գրությունում գրել է, որ իր թիմը կդառնա «շատ ավելի փոքրաթիվ»՝ դա բացատրելով ավտոմատացման միջոցների ներդրմամբ։
2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Disney-ի աշխատակազմը կազմում էր մոտ 231 հազար մարդ։





























