ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակնկալում է, որ այն շուտով կավարտվի, հաղորդում է Associated Press-ը։
«Մենք դեռ չենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։ Ես աշխատում եմ դրա վրա… դա նույնպես բավական շուտ տեղի կունենա»,- ասել է Թրամփը Մերիլենդ նահանգի Բալթիմորի մոտ գտնվող Sparrows Point նավաշինարանում ելույթ ունենալիս։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում բանակցային գործընթացն առաջ մղելու համար և ինչ է ինքը նկատի ունենում հակամարտության շուտափույթ ավարտ ասելով։
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հասնելու իր ձգտման մասին։ Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նա ասում էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին փորձում է լուծում գտնել պատերազմն ավարտելու համար և կարծում է, որ դա պետք է տեղի ունենա։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հնարավորինս շուտ սկսել և ավարտել բանակցությունները, սակայն անհրաժեշտ է համարում, որ հնարավոր պայմանավորվածություններն ընդունելի լինեն Ռուսաստանի համար և հաշվի առնեն ստեղծված իրավիճակը։





























