Թեմզ-Վելիի ոստիկանությունը անօրինական է ճանաչել այն հրամանագրերը, որոնց հիման վրա փետրվարին խուզարկություններ էին իրականացվել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի՝ նախկին արքայազն Էնդրյուի տներում։ Դրա մասին հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանում, հաղորդում է BBC News-ը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հրամանագրեր տրամադրելու վերաբերյալ դատարանի նախնական որոշումը՝ օրենքի կոնկրետ հոդվածի հիման վրա, սխալ էր։ Էնդրյուի տներում՝ Նորֆոլքում և Բերքշիրում, խուզարկություններն անցկացվել են փետրվարի 19-ին՝ նրան պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով ձերբակալելուց հետո։

Միաժամանակ քրեական հետաքննությունը շարունակվում է։ Խուզարկությունների ընթացքում առգրավված փաստաթղթերն ու էլեկտրոնային սարքերն առայժմ մնում են ոստիկանության մոտ, իսկ Էնդրյուի փաստաբանները վիճարկում են իրավապահների գործողությունների օրինականությունն ու ձգտում են հասնել այդ նյութերի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշման։

Էնդրյուի ներկայացուցիչները դիմել են Բարձր դատարան՝ պահանջելով դատական վերանայում անցկացնել Թեմզ-Վելիի ոստիկանապետի և Կենտրոնական քրեական դատարանի գործողությունների վերաբերյալ։

Ինչպես հետևում է գործի նյութերից, խուզարկություններից մեկ օր առաջ ոստիկանությունը Կենտրոնական քրեական դատարանից հրամանագրեր էր խնդրել 1984 թվականի «Ոստիկանության և քրեական գործերով ապացույցների մասին» օրենքի ութերորդ և իններորդ բաժինների հիման վրա։ Դատարանը որոշել էր, որ բավարար են ութերորդ բաժնի հիման վրա տրված հրամանագրերը։ Սակայն հետագա իրավական բողոքարկումը ցույց է տվել, որ դրանք պետք է ձևակերպված լինեին ըստ իններորդ բաժնի։

«Մենք ընդունում ենք այն դիրքորոշումը, որ դատարանի նախնական որոշումը՝ օգտագործված կոնկրետ օրենսդրական նորմի հիման վրա հրամանագրեր արձակելու վերաբերյալ, սխալ էր, և հետևաբար այդ հրամանագրերը պետք է իրավաբանորեն չեղարկվեն»,- հայտարարել են Թեմզ-Վելիի ոստիկանությունում։

Միաժամանակ իրավապահները շեշտել են, որ հրամանագրերի անօրինականության ճանաչումը չի նշանակում հետաքննության դադարեցում։

«Հրամանագրերի չեղարկմանը հանգեցրած համաձայնությունը վերաբերում է մասնավորապես դրանց տրամադրման իրավական հիմքի վերաբերյալ դատարանի որոշմանը և մեր շարունակվող հետաքննության գնահատական չէ»,- հայտարարել են ոստիկանությունում։

Էնդրյուն ձերբակալվել էր փետրվարին, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցից, ըստ քննության տվյալների, հետևում էր, որ 2010 թվականին Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելիս նա գաղտնի տեղեկություններ էր փոխանցել սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնին։

Էնդրյուն հետևողականորեն հերքում է Էպշտեյնի հետ կապված որևէ իրավախախտում։

Ոստիկանությունը հայտարարել է, որ Նորֆոլքում բնակվող մոտ 60-ամյա տղամարդու կողմից ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։ Իրավապահները մտադիր են նաև դատարանի որոշմանը հասնել այն հարցով, թե արդյոք իրենք կկարողանա՞ն օրինական կերպով պահպանել առգրավված նյութերը հետագա հետաքննության համար։