ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին երկրի «ազգային հարստություն» է անվանել ԱՄՆ գիտության և տեխնիկայի ոլորտում ձեռքբերումների համար տրվող ամենաբարձր պետական պարգևի՝ Գիտության ազգային մեդալի հանձնման արարողության ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
«Մենք հպարտանում ենք ձեզանով, շատ ենք հպարտանում ձեզանով, մեր ազգային հարստություն»,- ասել է Թրամփը՝ արարողության ժամանակ դիմելով Մասկին։
Մասկը պարգևը ստացել է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի և AMD-ի ղեկավար Լիզա Սուի հետ միասին։ Գիտության ազգային մեդալը շնորհվում է գիտության բնագավառում գիտելիքների և տեխնոլոգիաների զարգացման մեջ բացառիկ ավանդի համար։
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ևս երկու ղեկավարներ՝ Dell Technologies-ի հիմնադիր Մայքլ Դելը և Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան, ստացել են Տեխնոլոգիաների և նորարարությունների ազգային մեդալը՝ ԱՄՆ-ի տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումների համար տրվող ամենաբարձր պարգևը։
Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան կազմակերպած «Գիտություն. նոր ոսկե դարաշրջան» գագաթնաժողովի շրջանակում, որը նվիրված էր գիտական հետազոտություններին, արհեստական բանականությանը և ամերիկյան տեխնոլոգիաների զարգացմանը։
Թրամփի համար սա դարձավ նրա նախագահության ընթացքում Գիտության ազգային մեդալի և Տեխնոլոգիաների ու նորարարությունների ազգային մեդալի առաջին շնորհումը։




























