Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը կանչել է Ռուսաստանի դեսպանին այն բանից հետո, երբ երկրի ափերի մոտ՝ Սև ծովում, անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու առևտրային նավերի վրա, հայտնում է BBC News-ը:
Դեպքերից մեկի հետևանքով նավը խորտակվել է, անձնակազմի 11 անդամ համարվում է անհայտ կորած։ Երկրորդ նավը վնասվել է, սակայն նավի վրա գտնվող բոլոր նավաստիներին հաջողվել է փրկել։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող նավը խորտակվել է Կրապեց գյուղից մոտ 31 կմ դեպի արևելք։ Անձնակազմի հինգ անդամի փրկել են, ևս 11 մարդու որոնումները շարունակվում են։
Երկրորդ նավը, որը պատկանում է ուկրաինական կողմին, անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Բյալա քաղաքից մոտ 33 կմ հեռավորության վրա։ Անձնակազմի բոլոր 15 անդամները փրկվել են։ Հինգ նավաստի թեթև վնասվածքներ են ստացել։
Միջադեպերից հետո Ռադևը ուժային կառույցների ղեկավարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և Սոֆիայում կանչել Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։ Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի տարածքային ջրերի անմիջական հարևանությամբ առևտրային նավերի վրա հարձակումները լիովին անընդունելի են։
Միևնույն ժամանակ Ռադևը խոստովանել է, որ որևէ կողմի առնչության համոզիչ ապացույցներ առայժմ չկան։ Սակայն, ըստ նրա, տեղի ունեցողի տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ ի վերջո այս իրադարձություններից շահում է Ռուսաստանը։
Միտրոֆանովան, ինչպես հաղորդում են բուլղարական լրատվամիջոցները, հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից վերջին հարձակումների մասին տեղեկություն չունի։ Նա միաժամանակ ենթադրել է, որ տեղի ունեցածը կարող էր երրորդ կողմի սադրանք լինել։
Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Հարձակումներից հետո Ռադևը հեռախոսազրույց է ունեցել դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում իր դաշնակիցների հետ և կճշգրտի զսպման ու պաշտպանության միջոցները՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը։
Երկու նավերն էլ հարձակման են ենթարկվել Բուլղարիայի տարածքային ջրերից դուրս։ Եթե հարձակումը տեղի ունենար ընդամենը մի քանի ծովային մղոն ավելի արևմուտք, կարող էր առաջանալ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառման հարցը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա զինված հարձակումը դիտվում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։
Սա վերջին շրջանում բուլղարական ափերի մոտ նմանատիպ առաջին միջադեպը չէ։ Մեկ շաբաթ առաջ Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում ևս երկու առևտրային նավ ենթարկվել են ծովային և օդային անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Դրանցից մեկը՝ Alfa Watan-ը, խորտակվել է։ Անձնակազմի բոլոր տասը անդամները, որոնցից ինը Սիրիայի քաղաքացիներ էին, ենթադրաբար զոհվել են։
Նախորդ հարձակումներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, Ռադևը ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից տեխնիկական օգնություն է խնդրել հետաքննության համար, քանի որ մեղավորներին պարզել չէր հաջողվել։
Ուկրաինան նոր հարձակումների համար ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ հարձակումները ցույց են տալիս Մոսկվայի անտեսումը խաղաղ մարդկանց կյանքերի և Սև ծովում նավագնացության անվտանգության նկատմամբ։ Ըստ նրա՝ առևտրային նավերի վրա հարձակումները սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարել է, որ Սև ծովը դառնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի էսկալացիայի ևս մեկ ճակատ՝ տեղի ունեցողն անվանելով անընդունելի։
Ռուսաստանցի զինվորականները հրապարակայնորեն չեն մեկնաբանել վերջին միջադեպերը։ Մոսկվան պնդում է, որ հարվածներ է հասցնում այն նավերին, որոնք ուկրաինական նավահանգիստներ են տեղափոխում զենք և երկակի նշանակության ապրանքներ։ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները, ընդհակառակը, հայտարարում են, որ հարձակումների թիրախ են դառնում հացահատիկ և այլ քաղաքացիական բեռներ տեղափոխող առևտրային նավերը։
Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի խոշորագույն հացահատիկ արտահանողներից են։ Թուրքիան կողմերին կոչ է արել դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները, սակայն Մոսկվան բազմիցս մերժել է ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջարկները։




























