Հունաստանի իշխանությունները երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, երկրի մի քանի շրջանների բնակիչներին ուժեղ փոթորիկների մոտենալու մասին արտակարգ SMS-զգուշացումներ են ուղարկել։ Սպասվում են հորդառատ անձրևներ, փոթորկային քամի և առանձին վայրերում նաև կարկուտ, հայտնում է Kathimerini-ն։

Անբարենպաստ եղանակը կազդի Էվբեա, Սկիաթոս, Սկոպելոս, Կրետե և Սամոս կղզիների, ինչպես նաև Պելոպոնես թերակղզու վրա։ Հունական իշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի և չորեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, երկրի բազմաթիվ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպներ։ Ամենալուրջ նախազգուշացումը հայտարարվել է Էվբեայի համար, որտեղ անբարենպաստ եղանակային պայմանները կարող են պահպանվել մինչև չորեքշաբթի երեկո։

Անբարենպաստ եղանակի պատճառով արդեն երեքշաբթի խափանումներ են առաջացել լաստանավային հաղորդակցության մեջ․ նավերը չէին կարողանում դուրս գալ նավահանգիստներից։ Սպասվում է, որ լաստանավերի մի մասը չորեքշաբթի ևս կմնա նավամատույցների մոտ։

Իշխանությունները միաժամանակ զգուշացնում են ջրհեղեղների, ծառերի տապալման և էլեկտրամատակարարման անջատումների վտանգի մասին։ Բնակիչներին կոչ են անում սահմանափակել ուղևորությունները և հետևել արտակարգ ծառայությունների ցուցումներին։ Առկա տվյալներով՝ ավիահաղորդակցությունն առայժմ չի տուժել։