Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան արդեն վաղուց ստանձնել է Ուկրաինային աջակցության հիմնական մասը՝ չնայած ամերիկյան օգնության հնարավոր կրճատման վերաբերյալ մտահոգություններին։ Դրա մասին նա հինգշաբթի ասել է France Inter ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Իլոն Մասկի Starlink արբանյակային ցանցից ուկրաինացի զինվորականների հասանելիության սահմանափակումները։

Բարոյի գնահատմամբ՝ եվրոպական երկրներն այսօր Ուկրաինային տրամադրում են հետախուզական տեղեկատվության երկու երրորդը, և այդ հարցում զգալի դեր ունի Ֆրանսիան։ Starlink-ը ուկրաինացի զինվորականներն օգտագործում են մարտի դաշտում կապի ապահովման և անօդաչու սարքերի որսման համար, ուստի ցանցի հասանելիության սահմանափակումները բարդացնում են մի շարք ստորաբաժանումների աշխատանքը և հակաօդային պաշտպանությունը։

«Թույլ չենք տա, որ մեզ վարակեն Վլադիմիր Պուտինի քարոզչությամբ»,- հայտարարել է ֆրանսիացի նախարարը։ Նա նշել է, որ պատերազմի սկզբից ի վեր բազմիցս հնչել են Ուկրաինայի շուտափույթ պարտության և ամերիկյան աջակցության դադարեցման մասին կանխատեսումներ։ Բարոյի կարծիքով՝ նման հայտարարությունները, որոնք տարածվում են նաև Կրեմլի և նրա աջակիցների կողմից սոցիալական ցանցերում, կոչված են թուլացնելու դիմադրությունը շարունակելու ուկրաինացիների և եվրոպացիների պատրաստակամությունը։

Նախարարը ընդգծել է նաև, որ դիմակայությունն ընթանում է ոչ միայն մարտի դաշտում, այլև տեղեկատվական տարածքում։ Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է պահպանի Կիևին ցուցաբերվող աջակցությունը և հակազդի այն փորձերին, որոնք նպատակ ունեն խաթարելու վստահությունը, որ Ուկրաինան ի վիճակի է շարունակել պայքարը։