Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մեջ տարբեր շերտեր է տեսնում: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին:

«Կան զարգացած, կիրթ, գրագետ քաղաքական գործիչներ, կա միջին խավը, որը հենց միջին մակարդակում էլ մնում է տարբեր իրավիճակներում, եւ կա շատ ակտիվ, ագրեսիվ, այսպես կոչված, ընդդիմադիրների մի խումբ, մենք նման արտահայտություն ունենք` բետեէռ-ներ, եւ երիտասարդ թեւը` հատկապես ՀԱԿ-ի, որը շատ ագրեսիվ է, պատրաստ են ամենածայրահեղ իրավիճակներ ստեղծել: Մեր անցած ճանապարհը ցույց տվեց, որ նման դեպքեր մենք ունեցել ենք, ցավոք սրտի, հենց իրենցից էլ տուժողներ եղել են», - ասել է փոխոստիկանապետը:

Մաշտոցի պուրակի երիտասարդ ակտիվիստներով Ռոբերտ Մելքոնյանը հպարտանում է, նրանց համարելով երկրի ապագան: Պուրակի խնդրի լուծման արդյունքում էլ, ըստ Մելքոնյանի, հաղթեցին բոլոր կողմերը եւ հանդուրժողականությունը:

Իր դաժանության մասին տպավորությունը նա խալ համարեց, ասելով. «Զգացմունքային, շուտ բռնկվող, բայց բարի եւ հանդուրժող մարդ եմ»:

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ է կապվում մամուլում շրջանառվող իր մականունը` «Բազազ», Մելքոնյանը պատմեց, որ ողջ կյանքում որեւէ մականուն չի ունեցել, իսկ բազազ բառը իր անվան կողքին առաջին անգամ տեսել է մամուլում` 2007 թվականին:

«Ինչ-որ հոդված հրապարակվեց եւ այդտեղ ծանոթացա Մելքոնյան Ռոբերտ` ՊՊԾ գնդի պետ եւ «Բազազ» մականունով: Իհարկե, զարմացա, որովհետեւ բազազ Թիֆլիսի բարբառով նշանակում է վաճառական, առեւտրական, եւ Մելքոնյան Ռոբերտը ընդհանրապես վաճառականության հետ կապ չունի:

Երեւի նկատի են ունեցել իմ խստապահանջությունը կամ պահանջկոտությունը, որը ինչ-որ տեղ նմանեցնում են հանրահայտ «Գիքոր» պատմվածքի հերոսին: Ինչեւէ, այդ օրվանից ես դարձա «Բազազ», - ասաց փոխոստիկանապետը:

Մելքոնյանը չի հպարտանում իր մականունով, բայց ասաց` արդեն համակերպվել է: Այսօրվա ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ենթակաների մասին խոսելիս անգամ կատակեց, թե նրանք էլ «բազազիկներ» են: