Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն պատրաստվում է տեղական ժամանակով ժամը 19:00-ին միջգերատեսչական ճգնաժամային շտաբի նիստ անցկացնել՝ նախորդ օրվա զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքների առիթով, հայտնում է BFMTV-ն։

Ուշադրության կենտրոնում կլինեն տնտեսության և առևտրի համար հետևանքները, ապահովագրության հարցերը և դատական գործընթացների ընթացքը։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, իր հերթին, պահանջել է բացատրել, թե ինչ հրահանգներ էին ստացել անվտանգության ուժերը անկարգությունների ժամանակ։ Նա մատնանշել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը, Լիլի քաղաքապետարանի վրա հարձակումը և գործարարների համար պաշտպանության բացակայությունը։

«Երբ տեսնում եմ, որ Լիմոժի քաղաքապետարանը այրվել է, Լիլի քաղաքապետարանի վրա հարձակվել են, իսկ առևտրականները փաստացի մնացել են մենակ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ հրամաններ են տրվել», — հայտարարել է Պայանը։

Նա ընդգծել է, որ չի մեղադրում ազգային ոստիկանությանը, քանի որ այն կատարում է ստացված հրահանգները։

Մարսելի քաղաքապետը նաև հայտնել է, որ խնդրել է Ֆրանսիայի նախագահին ընդունել իրեն։

«Սա հանրապետության մասին իմ պատկերացումը չէ։ Այս երկրում կա իրավական պետություն, որը պետք է հարգել։ Հասարակական կարգն ու ցույցեր անցկացնելու իրավունքը դրա մի մասն են, և ոչ մեկը, ոչ մյուսը չեն պահպանվել», — հավելել է Պայանը։